Հասարակություն

Քվեարկությունը ստացիոնար բուժհաստատություններում

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Ստացիոնար բժշկական հաստատություններում քվեարկության կազմակերպման մասին ԿԸՀ- ում խոսեց ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:  Նրա փոխանցմամբ` 51 բժշկական հաստատություն, օրենքի համաձայն, ներկայացրել էր 1628 ընտրողի ցուցակ:
Այս դեպքում խոսքն այն ընտրողների մասին է, որոնք ստացիոնար բուժում են ստանում եւ, բնականաբար, չէին կարողանալու այսօր ներկայանալ ընտրատեղամասեր:
Համաձայն ներկայացված այդ ցուցակի` այդ ընտրողների անունները հանվել են մշտական գրանցման վայրերի ընտրական ցուցակներից եւ ներառվել համապատասխան լրացուցիչ ընտրացուցակներում:

Ամփոփելով պատկերը` Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ լրացուցիչ ընտրացուցակներում գրանցված 1628 ընտրողից քվեարկությանը շրջիկ արկղերի միջոցով մասնակցել է 1375 ընտրող: Հիմնական մասը` 673 ընտրող, Երեւանի բուժհաստատություններում, մնացածները` մարզային բուժհիմնարկներում:
Այս լրացուցիչ ընտրացուցակներում ընդգրկվածների համար քվեարկությունը, օրենքի համաձայն, իրականացվել է մինչեւ ժամը 18.00-ն:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ քվեարկության գաղտնիությունն ապահովվել է: Շրջիկ քվեատուփերով կազմակերպված քվեարկությանը հետեւել են լրագրողներ, դիտորդներ: Միջադեպեր այդ ընթացքում չեն գրանցվել: Սուրեն Քրմոյանը շեշտեց նաեւ, որ այդ մասին կարող են վկայել վստահված անձինք, որոնք նույնպես հետեւել են շրջիկ քվեատուփերով քվեարկության կազմակերպմանն ու անցկացմանը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button