ԿարևորՀասարակություն

Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ով գլխավորում է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Զրուցակիցները քննարկել են առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։

«Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները մեր պատմության ընթացքում լինեն լավագույնը: Թեկնածուների համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ իրենց քարոզարշավն արդյունավետ իրականացնելու համար»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Սերգեյ Լեբեդևը գոհունակություն է հայտնել նախընտրական շրջանում ՀՀ օրենսդրությանը համապատասխան թեկնածուների գործունեության համար ստեղծված պայմաններից, որի ընթացքում վերջիններս կարողացել են ազատորեն, բաց և թափանցիկ կերպով ընտրողներին ներկայացնել իրենց ծրագրերը: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը նշել է, որ մինչ այժմ արձանագրված միջադեպերը լուրջ ազդեցություն չեն ունեցել նախընտրական գործընթացների վրա:

ԱՊՀ գործադիր քարտուղարը տեղեկացրել է, որ կազմակերպության հովանու ներքո նախագահական ընտրությունների օրը դիտորդական առաքելություն են իրականացնելու 200-ից ավելի դիտորդներ, որոնք կլինեն հանրապետության բոլոր մարզերի ընտրատեղամասերում:

Տիգրան Սարգսյանը և Սերգեյ Լեբեդևը քննարկել են նաև մայիսի 31-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին առնչվող օրակարագային մի խումբ հարցեր, անդրադարձել են ԱՊՀ շրջանակներում տնտեսական, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության  հետագա զարգացմանը վերաբերող թեմաներ:

Ցուցադրել ավելի
Back to top button