Պարույր Հայրիկյանն իր օրը սկսել է Էջմիածնից


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ ու փորձել է ամփոփել քարոզարշավի անցած օրերը: Նա նշել է, որ քարոզարշավն ավարտելու է այն վայրից, որտեղից որ սկսել է: Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուն քարոզարշավի առաջին օրն այցելել էր Էջմիածին , այսօր լրագրողների հետ հանդիպումից հետո կրկին Էջմիածին է մեկնել՝ միասնաբար աղոթելու: ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը քարոզարշավն ավարտելու է այսօր երեկոյան` Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքով: Այսօր առավոտյան հրապարակվել է Պարույր Հայրիկյանի աջակիցների ուղերձը ՀՀ քաղաքացիներին. ուղերձում Հայրիկյանի աջակիցները կոչ են անում փետրվարի 18-ին քվեարկել Պարույր Հայրիկյանի օգտին: Պարույր Հայրիկյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչու ի վերջո միասնական թեկնածու չձևավորվեց: Նշենք, որ ԱԻՄ առաջնորդը հրապարակավ դիմել էր նախագահի մյուս երկու թեկնածուներին՝ Հրանտ Բագրատյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ կոչ անելով նախագահական ընտրություններին մասնակցել միասնական թեկնածուով: