ԿարևորՀասարակություն

Ընտրություններին կհետեւեն նաեւ ICES-ի դիտորդները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ի թիվս այլ միջազգային դիտորդների, փետրվարի 18-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին հետևելու է և Այ-Սի-Ի-Էս Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի 35-հոգանոց պատվիրակությունը: Քվեարկության օրը առաքելության անդամները մտադիր են այցելել հանրապետության մոտ 200 ընտրական տեղամասեր և հետևել ամբողջ ընտրական գործընթացին, հայտնել է կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկեռը:

Անցած երկու ամսվա ընթացքում կենտրոնը վերլուծել է ընտրական գործընթացի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև հետևել է հավակնորդների նախընտրական արշավին: Մասնավորապես, առաքելությունը բարձր է գնահատել ԿԸՀ և պետական մարմինների բաց և օպերատիվ աշխատանքը այս ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները տեղերում փորձել են խանգարել ընդդիմադիր թեկնածուների հետ հանդիպումների կազմակերպմանը: Ընտրությունները ավարտվում են միայն ձայների հաշվարկից հետո, նշեց Ալեքսանդր Ցինկեռը: Այսօր ներկայացված երկրորդ միջանկյալ զեկույցում դիտորդական առաքելությունը նշում է արտերկրում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրելու հնարավորություն տալու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով նախընտրական պայքարին, առաքելությունը նշում է, որ չնայած թեկնածուներից մեկի դեմ իրագործված մահափորձի, ընդհանուր առմամբ արշավը անցավ համեմատաբար հանգիստ, առանց ավելորդ մերկապարանոց մեղադրանքների: Եթե թեկնածուների մի մասը իրականում պայքարում էր ընտրողների համակրանքի և ձայների համար, ապա ուրիշները հիմնական կենտրոնացան ինքնագովազդի և կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ սեփական գաղափարների առաջխաղացմամբ մամուլի ասուլիսների միջոցով, նշում են փորձագետները: Նրանք ողջունեցին այն հանգամանքը, որ լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում էին թեկնածուներին, անկախ նրանց վարկանիշից: Այնուհանդերձ թեկնածուների միջև չանցկացվեցին բաց բանավեճեր: Ըստ Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկեռի, քվեարկության օրը առաքելության 11 խմբերը կայցելեն առնվազն 14-ական ընտրատեղամաս ամբողջ հանրապետությունով: Դրանցից երկուսում դիտորդները կլինեն մինչև քվեարկության սկիզբը և ձայների հաշվարկի ժամանակ:

Ինքը, պարոն Ցինկեռը, որպես նախկին երևանցի մտադիր է այցելել մայրաքաղաքի 15-16 տեղամաս:

Ի դեպ, պարոն Ցինկեռը Հայաստանից մեկնել է Իսրայել 1990 թվականին և 1999-2003 թվականներին եղել է այդ երկրի խորհրդարանի պատգամավոր, հիմնելով և գլխավորելով Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական խումբը: Իսրայելի նորընտիր Քնեսեթի կողմից Մեծ Եղեռնի ճանաչման հնարավորության մասին խոսելով`Ալեքսանդր Ցինկեռն ասաց, որ չնայած ինքը կողմնակից է ճանաչմանը, սակայն չի կարծում, որ խորհրդարանը ներկա կազմով ի զորու կլինի ճանաչել Մեծ Եղեռնը, քանի որ այստեղ ներկայացված է 12 խմբակցություն և ներկայումս ընթանում են կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ բանակցություններ:

Մեր նախկին հայրենակցի բնորոշմամբ, թեպետ նա այժմ քաղաքականության մեջ չէ, այնուամենայնիվ կողքին է:

Ցուցադրել ավելի
Back to top button