ԿարևորՀասարակություն

ANCA-ն պաշտոնապես դիմել է Սպիտակ տանը՝ կայքում տեղադրված հակահայկական խնդրագրերն ուսումնասիրելու խնդրանքով

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Սպիտակ տանը պաշտոնապես խնդրել է տեղեկություն տրամադրել այն մասին, թե նախագահի վարչակարգն անվտանգության ինչ միջոցառումներ է ձեռնարկում հանրահայտ We the People առցանց խնդրագրային ծրագիրն օտարերկրյա խարդախություններից պաշտպանելու համար։ Այս մասին տեղեկացնում է ANCA-ի գրասենյակը։ Սպիտակ տան գլխավոր խորհրդատու Վալերի Ջարեթին ուղղված նամակում ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես անդրադարձել է ԱՄՆ-ի հայ համայնքին անհանգստացնող այն հանգամանքին, որ Սպիտակ տան կայքում տեղադրված հայկական թեմաներով խնդրագրերի շարքում կա մեկը, որը, գրեթե բառ առ բառ փոխանցում է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի լավ ֆինանսավորվող, սակայն անհիմն և ատելությամբ լի հակահայկական արշավի հիմնական մտքերը, որոնք միտված են խեղաթյուրել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության պատմությունը։

Իր նամակում Համբարյանը խնդրել է հստակություն մտցնել այն հարցում, թե ինչպիսի կանոններ են գործում միջազգային մասնակցության համար։ Բացի այդ, Համբարյանը բացատրություն է պահանջել անվտանգության այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կիրառվում են կառավարության հետ երկխոսության համար անչափ կարևոր այդ գոտին օտարերկրյա խարդախություններից պաշտպանելու համար։

Համբարյանը Ջարեթի ուշադրությունը մասնավորապես հրավիրում է We the People կայքում տեղադրված խնդրագրերից մեկի վրա, որում նշվում է.«Ուշադիր ուսումնասիրեք ԼՂ հակամարտության պատմությունը. ադրբեջանական հողերի 20%-ը շրջափակման մեջ է հայկական զորքերի կողմից»։

Ինչպես պարզվել է հետագայում, այս խնդրագիրն ամենաանմիջական կապն ունի Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ղեկավարած Հեյդար Ալիևի հիմնադրամի հետ։ Դա է վկայում նաև այն փաստը, որ ի տարբերություն We the People-ում տեղադրված մյուս խնդրագրերի, որոնց տակ նշվում է ստորագրողների բնակության վայրը, հակահայկական խնդրագրերի դեպքում հազարավոր ստորագրողների աշխարհագրական վայրն անհայտ է։

Նախագահ Ալիևը, ով բազմիցս հայտարարել է, որ «իրենց գլխավոր թշնամին աշխարհի հայերն են», մի քանի ամիս առաջ հակահայկական քարոզ է սկսել նաև  Twitter սոցկայքում ՝ հայտարարելով, որ «Հայաստանն արժեք չունեցող երկիր է»։ Նա նաև բարբաջել է, որ Երևանը հայերի կողմից գրավված ադրբեջանական քաղաք է։ ANCA-ն մշտապես հետևում է այս զարգացումներին՝ տեղեկացնելով Կոնգրեսին, նախագահի վարչակարգին, ինչպես նաև մեդիադաշտին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ադրբեջանական սպառնալիքների, ագրեսիվ գործողությունների մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button