ԿարևորՀասարակություն

Սոցփաթեթի շահառուների թիվն ընդլայնվել է

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

2012թ մեր երկրում առաջին անգամ ներդրվեց հանրային ոլորտի աշխատակիցների համար նախատեսված սոցիալական փաթեթից օգտվելու ինստիտուտը: Թե ինչպիսին են նախորդ տարվա արդյունքները, ֆինանսների նախարարությունը կամփոփի երկու երեք ամսից միայն, սակայն շարունակական կլինի:
Ծրագրի շահառուների թիվն ընդլայնվել է շուրջ 30 հազարով` հասնելով 150 հազարի: Իրական շահառուների շրջանակն ավելի մեծ է, քանի որ փաթեթով նախատեսված որոշակի ծառայություններից հնարավորություն ունեն օգտվել նաև նրանց անմիջական ընտանիքի անդամները՝ ամուսինը և մինչև 27 տարեկան նրանց հետ բնակվող զավակները:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝  սոցիալական փաթեթից օգտվող շահառու  անձանց թիվն ընդլայնվել է: Կազմում ընդգրկվել են շահառու մարմինների տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցները, Գիտության ազգային ակադեմիայի աշխատակազմի և նրան ենթական ՊՈԱԿ-ներում ընդգրկված աշխատակիցները, ՀՀ-ում մշտապես բնակվող ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական պատվավոր  կոչմանն արժանացած անձանց, ինչպես նաև` Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատողները՝ բացառությամբ  ղեկավար աշխատակազմից (տնօրեն, տնօրենի տեղակալներ):
Այս տարի  ընդլայնվել է նաև  բազային փաթեթի մեջ ներառված հատուցվող դեպքերի շրջանակը, այդ թվում՝ սրտի հետ կապված առավել ծավալուն դեպքերի փոխհատուցումը (դեղապատ ստենտի, սրտի ռիթմը կարգավորող սարքերի, փականների պրոթեզների փոխհատուցում), ուռուցքաբանության ժամանակ կիրառվող վիրահատական բուժումը և սահմանափակ քանակությամբ ճառագայթային բուժում:
«Սոցիալական փաթեթի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է 260 վիրահատություն: Սրտի հետ կապված բոլոր գործողություններն ընդգրկված են փաթեթում»,-  ընդգծեց նախարարը
Այս տարի փաթեթը հատկացվելու է առևտրային բանկերի միջոցով, սոցիալական փաթեթի գումարը փոխանցվելու է աշխատողի հատուկ այդ նպատակով բացված սոցիալական փաթեթի հաշվին, որտեղից կարող են փոխանցումներ կատարվել միայն սոցփաթեթի նախանշված ուղղություններով:
Ուղղությունները չորսն են. առողջության ապահովագրություն, հիպոթեքային վարկի ամսական վճարի մարում, ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրով ուսման վճար, հանգստի կազմակերպում ՀՀ –ի և  ԼՂՀ-ի տարածքում:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվանից սոցիալական փաթեթի գումարները կրում են կուտակային բնույթ: Սոցիալական փաթեթի գումարների կուտակված միջոցների վրա բանկերի կողմից առաջարկվում են նաև տոկոսադրույքներ:

Ցուցադրել ավելի
Back to top button