Ճանաչման հետեւանքները ծանր կարող են լինել Թուրքիայի համար, ասում է Ռեջեփ Մարաշլը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Ծննունդով Էրզրումից քուրդի եւ թրքուհու զավակ Ռեջեփ Մարաշլը առաջին անգամ թուրքական բանտում հայտնվեց 15 տարեկանում։ Դրանից հետո իր քաղաքական հայացքների համար նա դատապարտվել է եւս 4 անգամ։ Քրդական ինքնությունը բացահայտել է բանտում: Ռեջեփ Մարաշլը «Հայ ազգային դեմոկրատական շարժումները և 1915 թվականի ցեղասպանությունը» գրքի հեղինակն է։ Ներկայացնում է հայոց ցեղասպանության ծրագրավորումն ու քրդերի մասնակցությունը դրան։ 2000 թվականին լքել է Թուրքիան և քաղաքական ապաստան ստացել Գերմանիայում: Բեռլինում 2004 թվականին 3 քուրդ մտավորականներով ստեղծել է Ցեղասպանություններից տուժածների հետ զորակցության կոմիտեն, որը զբաղվում է հայերի ցեղասպանության խնդիրներով:
Ռեջեփ Մարաշլն անդամակցում է նաև Ֆրանկֆուրտում գործող ցեղասպանությունների դեմ պայքարի կազմակերպությանը, որը փոխհատուցման նպատակով յուրաքանչյուր ամիս իր անդամներից գումար է հանգանակում եւ հատկացնում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Կազմակերպության անդամներն ամեն տարի ապրիլի 24- ին գալիս են Հայաստան` հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մինչև 2015 թվականը Թուրքիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչի, քանի որ լավ գիտակցում է, որ հարցը քաղաքական է, ասում է Ռեջեփ Մարաշլը և ավելացնում, որ ճանաչման հետեւանքները ծանր կարող են լինել, ինչից Անկարան զգուշանում է։ Մարաշլի խոսքով` Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում հայկական ցեղասպանության հարցը լայն քննարկման առարկա է դարձել: Թուրքիայի մտավորականները, հասարակական կազմակերպությունները, երիտասարդությունն այսօր հետաքրքրվում է, որպեսզի առերեսվի այս իրողության հետ: