Մշակույթ

«Բացահայտման ճանապարհորդություն». հայկական երաժշտությունը՝ Եվրոպայի սրտում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

2011-ին Գերմանիայի Կարլսռուհե քաղաքում ստեղծված գերմանա-հայկական երաժշտական միությունը կարեւոր առաքելություն է ստանձնել` աջակցել հայ երաժշտության տարածմանը։ Հայ եւ այլազգի երաժիշտների միջոցով ամեն տարի համերգների շարքով ներկայացվում են հայ եւ գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործութունները:
Անցյալ տարվա աշնանը Գերմանահայկական երաժշտական միության նախաձեռնած համերգների շարքը փաստել է, որ եթե հայկական երաժշտությունը հասնում է եվրոպացի ունկնդրի ականջին, այն սիրվում է եւ պահանջվում, ասում է միության նախագահ, երաժիշտ Անի Աղաբեկյանը։
Հայ կոմպոզիտորների օրիգինալ նոտաների բացակայությունը Անի Աղաբեկյանը լուրջ խնդիր է համարում` ընդգծելով, որ իր հիմնադրած միությունը հանձն է առել նաեւ այդ գործը` եկող տարի տպագրել հայ կոմպոզիտորների նոտաներն ու նրանց մասին գրքեր հայերենով եւ գերմաներենով, ինչին աջակցում է Երեւանի պետական կոնսերվատորիան:
Իսկ մինչ այդ` միությունն արդեն նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գերմանական Կարլսռուհե քաղաքում հայ եւ գերմանացի երաժիշտների ներգրավմամբ համերգների շարքով ներկայացրել է հայկական եւ գերմանական գործեր:
Հնչել են Բաբաջանյան, Խաչատրյան, Դելալյան, Հովունց, նաեւ` Բախ, Շուման, Բրամս` հինը հաջողությամբ համադրելով նորին:
Համերգների լուրջ հաջողության մասին փաստում են ոչ միայն կազմակերպիչները` ընդգծելով, որ դահլիճը նախատեսվածից ավելի լիքն է եղել, այլեւ գերմանական մամուլը, պաշտոնական շրջանակները։

Ութ երաժիշտների ջանքերով ծնունդ առած միության յուրահատուկ նախաձեռնությանը, որը ֆինանսավորման աղբյուրը միայն նվիրատվություններն են, սիրով են միացել տարբեր հայտնի երաժիշտներ։ Գերմանիայի տարբեր երկրամասերի որոշ քաղաքներում պարբերաբար անցկացվում են հայկական մշակույթի օրեր, այդքանով հանդերձ՝ պետք է արձանագրել, որ այս նախաձեռնությունը նոր շունչ է տալիս հայ մշակույթի ներկայացմանը Եվրոպայի սրտում:
Ապագայի ծրագրերը միայն ընդլայնման ուղղությամբ են՝ ներառելու ավելի մեծաթիվ երաժիշտների ու կազմակերպելով առավել մեծաթիվ համերգներ, նաեւ երաժշտական մրցույթներ, համերգներ այլ երկրներում եւս` մշակութային նոր կամուրջներ կառուցելով ժողովուրդների միջեւ:
Միությունն այս հարցում ակնկալում է նաեւ հայաստանյան պետական մի շարք կառույցների` Սփյուռքի, մշակույթի նախարարությունների, երկու երկրների դեսպանատների աջակցությունը: Իր աջակցությամբ միության կողքին է նաեւ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը:
Այս նախաձեռնությունը շարունակում է մնալ արտասահմանյան մամուլի էջերին։ Գերմանական թերթերը հայ-գերմանական համատեղ համերգները բնորոշել են որպես «Բացահայտման ճանապարհորդություն», երաժշտական բարեկամությանն ուղղված քայլ: Կարլսռուհեի քաղաքապետը հատուկ ընդգծել է հնագույն երկիր Հայաստանն իր երկրին երաժշտության միջոցով կապելու կարեւորությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button