ԿարևորՔաղաքական

Այս ընտրությունները խորհրդարանականից մրցակցային են, ասում են Հայաստանի եվրոպացի բարեկամները

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

«Եվրոպա-Հայաստան» խորհուրդը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումներին և հանդես գալիս հրապարակային հայտարարություններով այս կամ այն հարցի շուրջ: Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները բացառություն չեն և խորհուրդը հարկ է համարել հանդես գալ  կոչով` ազատ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Այսօր հատուկ այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարությունը ներկայացրեց խորհրդի անդամ, Լյուքսեմբուրգում ՀՀ պատվո հյուպատոս, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:

ԵՀԽ- ն կիսում է Եվրամիության ցանկությունը՝ Հայաստանում տեսնելու հետագա առաջընթաց ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում, ինչը կհամապատասխանի Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարական չափանիշներին, ասվում է հայտարարությունում:

Խորհրդի անդամները անդրադարձել են  2012-ի մայիսի խորհրդարանական ընտրություններին, որոնք, ըստ նրանց, նշանավորվեցին բավական մրցակցային քաղաքական միջավայրով և հավաքների ու հատկապես մամուլի աննախադեպ ազատությամբ:
«Այս նվաճումներն օգնեցին Հայաստանին հաղթահարելու 2008-ի նախագահական ընտրությունների ցավալի իրադարձությունները: Այսօր բոլոր խոշոր քաղաքական ուժերը ներկայացված են Հայաստանի Ազգային ժողովում, եւ նախկին բեւեռացած քաղաքական միջավայրը հիմնականում վերափոխվել է խորհրդարանական բանավեճի»,- նշվում է «Եվրոպա-Հայաստան» խորհրդի հայտարարության մեջ։
Կառույցի անդամներն ակնկալում ենք, որ մեր երկրում նկատելի  ժողովրդավարական առաջընթացը կկրի շարունակական բնույթ և այս գործընթացն իր բարձրակետին կհասնի առաջիկա նախագահական ընտրություններում:
«Մենք նաեւ կոչ ենք անում իշխանություններին այս ընտրություններն անցկացնել՝ առաջնորդվելով եվրոպական դիտորդական առաքելությունների եւ մասնավորապես ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ-ի համապատասխան զեկույցների դրույթներով,-  ասվում է հայտարարությունում:

Ինչպես նշվում է փաստաթղթում, նախագահական ընտրությունների պատշաճ անցկացումը կամրապնդի Հայաստանի դիրքերը քաղաքական եւ ժողովրդավարական համատեքստում: Դա նաեւ կդարձնի Հայաստանը գրավիչ եւ կարեւոր գործընկեր Եվրամիության համար:
Հայտարարության հեղինակները կոչ են արել  Հայաստանի ընտրողներին փոփոխություն բերել`քվեարկելով եւ ուժեղացնելով երկիրը: «Եվրոպա-Հայաստան» խորհուրդը եւ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» հասարակական կազմակերպությունը կանգնած են Հայաստանի ժողովրդի կողքին ժողովրդավարության այս կարեւոր փորձության ժամանակ, ինչը վճռական է դեպի Եվրոպա շարժվող երկրի խոստումնալից ապագայի համար, հայտարարերեց Ֆրանկ Էնգելը:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» հասարակական կազմակերպոության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը նշեց, որ հայ ընտրողները շատ լուրջ են վերաբերում գալիք ընտրություններին, ինչի մասին են վկայում ավելի վաղ կազմակերպության կողմից իրականացված հարցումների արդյունքները:
Ըստ նրա՝ քաղաքական դաշտը և պայքարը ավելի մրցակցային են, քան մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

«Սրանք ընտրություններ չեն կառավարության կողմից: Այս պահին կան թեկնածուներ, որոնք շատ ուժեղ են, այս առումով կրկին առաջընթաց է նկատվել»,- եզրափակել է Մայքլ Քամբեքը:

Ցուցադրել ավելի
Back to top button