Քարոզարշավն աննախադեպ էր մարտավարության և հայտարարութւյունների առումով


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Եթե երկու օրվա ընթացքում ֆորսմաժորային վիճակ չլինի, ապա պարզ է, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը, համոզված է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:Քարոզարշավի շրջանակներում, նրա կարծիքով, առանձնանում է գործող նախագահը: Սերժ Սարգսյանը տարբերվում է ոչ թե իր ծրագիրով կամ նպատակներով, այլ որովհետև գործող է: Մյուս թեկնածուներն այլ նպատակներ ունեն` մասնավորապես՝ ձայներ հավաքելու, կարծիք հայտնեց քաղաքագետը:
Նախագահի թեկնածուները պետք է ավելի արմատական օրակարգով ներկայանան հանրությանը և ոչ թե ԼՂՀ ճանաչելու մասին հայտարարություններով, քանի որ քաղաքագետի խորին համոզմամբ դա անհնար է:
«Հայաստանը չի ճանաչի ԼՂՀ- ն։ Դա հստակ է ու պարզ է, քանի որ բացի ռազմական միջոցներով անվտանգության ապահովումից գոյություն ունեն նաև այլ միջոցներ` ռազմաքաղաքական ու քաղաքական: ԵԱՀԿ ՄԽ- գոյությունը քաղաքական միջոցներից մեկն է: Շատերն են ասում, որ անցել է 20 տարի և ՄԽ գոյության պայմաններում ոչինչ չի արվել, խնդիրը լուծված չէ: Համաձայն չեմ այս ձևակերպման հետ: ՄԽ-ը հնարավորություն չունի կողմերի փոխարեն լուծել խնդիրը»,- ասում է նա։
ՄԽ շրջանակներում ընթացող գործընթացը կասեցնելը ձեռնտու չէ ոչ ոքի ու այդ պատճառով այն կվերակենդանացվի ու կշարունակվի: Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է ասել, որ կճանաչի ԼՂՀ-ն, սակայն երբ ընտրվի՝ դա չի անի, քանի որ դա հնարավոր չէ: Իսկ խնդրի կարգավորումը ՄԽ շրջանակներից դուրս բերելն ու այլ կառույց տեղեփոխելը չի լինի բանակցային գործընթաց, պարզաբանեց քաղաքագետը:
Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը նախընտրական քարոզարշավում գաղափարական պայքար չի տեսնում: Սրանք ամենաանհետաքրքիր, ձանձրալի ու դժգույն ընտրություններն են Հայաստանի պատմության մեջ, ասաց:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման սառեցված գործընթացի մասին՝ նկատեց, որ «հայ-թուրքական հարաբերությունները շատ ավելի Թուրքիայի ներքաղաքական կյանքի պատանդն են»:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի ուշադրությունն էլ գրավել են նախագահի թեկնածուների յուրօրինակ մտքերն ու պատկերացումները,
Մի խոսքով՝ քարոզարշավն աննախադեպ է և թեկնածուների ընտրած մարտավարության և հայտարարութւյունների առումով: