ԿարևորՀասարակություն

Փետրվարի 18-ը հանրապետությունում ոչ աշխատանքային օր է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության որոշմամբ, եկող երկուշաբթին` փետրվարի 18-ը` պայմանավորված նախագահական ընտրություններով, հայտարարաված է ոչ աշխատանքային օր: Գործադիր մարմնում այսօր ևս մեկ ընտրության օր է հաստատվել. մայիսի 5-ին Երևանում անցկացվելու են ավագանու ընտրություններ: Այժմ աշխատանքային օրվա` ոչ ընտրական թեմաների մասին: «Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել առարկայորեն օժանդակել բոլոր այն ձեռնարկություններին, որոնք ի վիճակի են էականորեն ավելացնել արտադրանքի թողարկումն ու արտահանումը»,-հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ի դեպ, նիստին զուգընթաց կառավարության շենքի առջև բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ Իրանի իսլամական հանրապետությանը հանձնելու նախաձեռնության դեմ բողոքել են բնապահպանները: Անհատ տաքսիստներն էլ դժգոհել են Արտոնագրված վճարների մասին օրենքում կատարաված փոփոխություններից: Նրանք, սակայն, իրենց բողոքը ոչ թե կառավարության շենքի մոտ են արտահայտել, այլ հանրապետության հրապարակի հուշարձանների: Վարորդները մեր թղթակցին փոխանցել են, որ իրենց է մոտեցել տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու խոստացել խնդիրներին լուծումներ գտնել փետրվարի 18-ից հետո:

Ինչպես և կանխատեսվում էր երկուշաբթի՝ փետրվարի 18-ը մեր երկրում հայտարարված է ոչ աշխատաքային օր: Փետրվարի 18-ով , սակայն, ընտրական տարին Հայաստանում չի ավարտվի: Ընդամենը մի քանի ամիս անց՝ մայիսի 5-ին Երևանում կրկին ընտրություններ կանցկացվեն: Այս անգամ ավագանու: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու 65 անդամները ընտրվում են չորս տարին մեկ անգամ, նրանք էլ ընտրելու են Երևանի քաղաքապետին:

Կառավարության նիստի օրակարգի տնտեսական հարցերի մասին գործադիր մարմինն այսօր հաստատեց արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված 2013 ին իրականացվելիք միջոցառումների ցանկը: Միջոցառումների իրականացման պետական աջակցության 2013 թ. ծրագրի համար հատկացվեց 545 մլն դրամ, որից մոտ 328 միլիոնը ուղղվելու է հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման, արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորման, հայկական ապրանքների նպատակային շուկաներում այդ ապրանքների առաջմղման և ներկայացման, միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորման, միջազգային ցուցահանդեսների մասնակցության ապահովման և այլ նպատակների։ Ավելի քան 30 մլն դրամ էլ կուղղվի հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի զարգացման միջոցառումներին, այն է` ինովացիոն համակարգի ձևավորմանը, 105 միլիոնից ավելի դրամ` արդյունաբերության զարգացման աջակցության ծրագրերի կառավարմանը և համակարգմանը: Ավելի ուշ որոշ մանրամանսեր փոխանցեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Նա նաև խոսեց, հանրահայտ Կառֆուր ընկերության ու նրա՝ հայաստաում ներկայացված լինելու շուրջ ծավալվող խնդիրների ու խոսակցությունների մասին: Տիգրան Դավթյանը գրեթե կրկնեց վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱԺ-ում հնչեցրած միտքը.«Չափազանց շահագրգռված ենք, որ Կառֆուրի նման հեղինակավոր ընկերությունը ներկայացված լինի Հայաստանում, որովհետև դա ոչ միայն նոր ընկերություն է, նոր մշակույթ է, դա մրցակցության ավելացում է, դա նաև մեր բնակչությանը հնարավորություն է մատչելի դարձնել ու օգտվել ապրանքների այն շարքից, որը տրամադրում է այդ ընկերությունը»:

Կառավարության շենքի առջև այսօր միանգամից մի քանի բողքոի ակցիաներ էին կազմակերպվել: «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի անդամներին էին միացել բնապահպաններն ու ակտիվիստները, ովքեր դեմ են Սյունիքի արոտավայրերը Իրանի իսլամական հանրապետությանը վարձակալությամբ հանձնելու նախաձեռնությանը: Նրանք ի դեպ, նշում էին, որ նամակով են դիմել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատուն, որտեղից նրանց պատասխանաել են, որ այս պահին գործարքը հաստատված չէ: Ակտիվսիտները նշում են, որ նախաձեռնությունը տնտեսական որևէ օգուտ չի տա.«Պահանջում ենք, պետք է վիժեցվի այս գործարքը, բանակցություններ սկսողները պետք է պատժվեն, և պետք է մեր քաղաքացիներին երաշխիք տրվի, որ այսպիսի բան չի կրկնվելու: Արդեն խոսում են Վայոց Ձորի մասին, վաղը կխոսեն Լոռվա մասին, մեր հայրենիքի տարածքը վաճառելով և վարձակալության հանձնելով, մենք մեր որևէ խնդիր չենք լուծի»:

Եթե այս երիտասարդները հայրենիքի ապագայով են մտահոգ, ապա անհատ տաքսիների վարորդներին մտահոգւմ են իրենց սոցիալական խնդիրները: Նրանք դժգոհ են հարկերից, ԱՊՊԱ-ից ու ընդհանրապես գրեթե ամեն ինչից: Վերջիններս այսօր իրենց դժգոհությունն արտահայտելու համար ընտրել էին ոչ թե կառավարության շենքը, այլ Հանրապետության հրապարակի տարածքը: Այնտեղ էլ հավաքվել էին մի քանի տասնյակ վարորդներ: Նրանք մեզ փոխանցեցին, որ հանդիպել են տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ, ով նախագահական ընտրություններից հետո խոստացել է լուծել իրենց հուզող խնդիրները:

Back to top button