ԿարևորՀասարակություն

Վլադիմիր Ենգիբարյանի դին կտեղափոխվի հայրենիք

Լեգենդար բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի դին կտեղափոխվի հայրենիք, և նա իր վերջին հանգրվանը կգտնի հայրենի հողում: Այս որոշումը կայացվել է մարզաշխարհի ղեկավարության և Վլ. Ենգիբարյանի հարազատների կողմից: Լեգենդար բռնցքամարտիկը վերջին տարիներին բնակվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ էլ 81 տարեկան հասակում կնքել է իր մահկանացուն:

Վլ. Ենգիբարյանը եղել է Երևանի պատանի բռնցքամարտիկների դպրոցի հիմնադիր-տնօրենը, որը հետագայում անվանակոչվել է նրա անունով: Բռնցքամարտիկների մի քանի սերունդներ են ոգեշնչվել նրա հաջողություններով, կրթվել և դաստիարակվել մեծ մարզիկի պատգամներով: Նա արժանացել է բազմաթիվ պետական, կառավարական պարգևների, ձեռք բերել մարզական բարձրագույն տիտղոսը՝ դառնալով օլիմպիական չեմպիոն: Չնայած կյանքի վերջին տարիներին հայրենիքում չէր բնակվում, սակայն մշտապես սերտ կապի մեջ է եղել հայրենիքի և հատկապես հայաստանյան մարզաշխարհի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Վլ. Ենգիբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 15-ին, ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորության արարողությունը կսկսվի փետրվարի 16-ին, ժամը 14:00-ին` նույն տեղում: Նրա աճյունը հողին կհանձնվի Երևանի քաղաքային պանթեոնում:

Ցուցադրել ավելի
Back to top button