ԿարևորՔաղաքական

Հայ- իրանական հարաբերությունները կարող են օրինակելի լինել այլ երկրների համար, ասում է ԻԻՀ դեսպանը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության 34-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր Մամուլի ազգային ակումբը հանդիպման էր հրավիրել ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Դեսրանը անհնար է համարել Ղարաբաղյան խնդրի ուժային լուծումը եւ կարծում է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում։
Նա համոզված է, որ ցանկացած հակամարտություն կարող է կարգավորել, եթե կողմերը հավատարիմ մնան միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին: Դիվանագետը նշել է, որ Իրանը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, միաժամանակ նշելով, որ որոշ հարեւանների, այդ թվում Հայաստանի հետ Իրանն ունի ռազմավարական հարաբերություններ։

Մոհամմադ Ռեյիսիի խոսքով՝ հայ-իրանական հարաբերությունները  կարող են օրինակելի լինել այլ երկրների համար: Առանձնացնելով մշակութային և տնտեսական կապերը՝ Իրանի դեսպանն ասաց, որ դրանց  ամրապնդման նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնցից ամենախոշորը Իրանի և Հայաստանի երկաթգծերի միացումն է, և դրա շարունակությունը դեպի Վրաստան։ Դեսպանը նշել է, որ եթե Հայաստանն սկսի երկաթգծի շինարարությունը, ապա Իրանն էլ նույն ժամանակ կսկսի շինարարությունն իր տարածքում։

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզում արոտավայրերի վարձակալման հետ կապված մամուլում տեղ գտած հրապարակումներին՝ դեսպանը հերքեց պայմանագրի ստորագրման մասին լուրերը։ Պայմանագիր որպես այդպիսին դեռևս չի ստորագրվել, բայց քննարկման փուլում է, ասաց դեսպանը:
Ամեն դեպքում՝ եթե պայմանագիրը ստորագրվի, դեսպանը վստահ է, որ հաշվի  են առնվելու երկու երկրների փոխադարձ շահերը։

Back to top button