ԿարևորՔաղաքական

ԿԸՀ- ում փորձարկեցին թանաքը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր լրագրողների և դիտորդների ներկայությամբ փորձարկել են այն  թանաքանյութը, որով ընտրությունների օրը կատարվելու է  անձնագրերի դրոշմակնքումը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ օգտագործված թանաքանյութը, հիշեցնենք,  որոշ տեղամասերում վիճահարույց դարձավ՝  անձնագրերից  անհետանալով ավելի շուտ, քան նախատեսված 12 ժամը:
Հանձնաժողովի անդամները լրագրողների ներկայությամբ,  հատուկ թանաքի օգտագործման ուղեցույցի կանոներով    դրոշմակնքեցին  մի քանի անվավեր անձնագրեր:  Ուղեցույցը, ի դեպ, կազմվել է ԿԸՀ կողմից և տրամադրվել  ընտրական բոլոր  հանձնաժողովներին: Դրանում մանրամասն՝ կետ առ կետ,  ներկայացվում  են թանաքի օգտագործման քայլերը:
«Առաջին կարևորագույն խնդիրը թանաքանյութը   մինչև օգտագործելը խառնելն է , երկրորդ գործոնը՝ դրոշմակնքման ճիշտ իրականացումը կամ այն կանոնների պահպանումը, որոնք նշված  են ուղեցույցում»:

Բացի այդ, ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, այնքան են կարևորել թանաքի խնդիրը, որ  հունվարի 28-ից սկսված  դասընթացների մեջ այն դարձրել են ուսուցման առանձին առարկա։ Հանձնաժողովի բոլոր անդամներին կետ առ կետ բացատրել են կանոնները,  տեղամասային հանձնաժողովներում փորձարկել են թանաքանյութը: Որևէ բողոք չեն գրանցել:

«Կարծում եմ, որ նախորդ ընտրություններին նկատած թերությունների հիման վրա կատարելագործված թանաքանյութը այս անգամ որևէ խնդիր չի առաջացնի»:

Թանաքանյութը, ի դեպ, ձեռք է բերվել այն նույն անգլիական ընկերությունից, որի հետ համագգործակցությունը եղել է նաև նախորդ ընտրությունների ժամանակ, որովհետև, ըստ ԿԸՀ նախագահի, չկա մեկ այլ կազմակերպություն, որին հայտնի է  նման հատկանիշներով նյութ։
«Համագործակցությունը այդ կազմակերպության հետ շարունակվեց: Նրանք նույնպես տեղեկացված էին, թե ինչ խնդիրներ ենք ունեցել, նոր փորձանմուշներ սկսեցին ուղարկել՝ մոտ 13-ը , դրանցից ընտրել ենք լավագույնը»։
Հաշվի են առնվել անգամ Հայաստանի ջերմային պայմանները: Այսքանից հետո եթե թանանքանյութերի հետ կապված խնդիրներ առաջանան, նաև սուբյեկտիվ գործոններով պայմանավորված ,ապա, ըստ ԿԸՀ նախագահի, կնշանակի, որ գործ ունենք իրավախախտման հետ։

Back to top button