ԿարևորՔաղաքական

Էպոսագետը կարծում է, որ մինչև փետրվարի 25-ը իրեն կարող են ձերբակալել

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

ՀՀ նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը կարծում է, որ մինչև փետրվարի 25-ը իրեն կարող են ձերբակալել: Երեկ հեռուստատեսությամբ արված հայտարարությունը թեկնածուն կրկնել է նաև այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Առայժմ պաշտոնական մեղադրանք չկա, բայց խորապես վստահ եմ, որ դա կլինի ընտրություններից հետո, երբ գործընթացները ավարտված կլինեն, ցանկալի թվերը` նկարված, դիտորդներն էլ երկրից հեռացած կլինեն»,-ասել է Վարդան Սեդրակյանը:

Թեկնածուի գնահատմամբ` մի շարք լրատվամիջոցներ իր դեմ արշավ են սկսել` փորձելով կապ գտնել Սեդրակյանի և Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով կալանավորված անձանց միջև: Նման եզրահանգման թեկնածուն եկել է լրագրողների` իրեն տված հարցերից, որոնք, ըստ նրա, կարող էին դուրս գալ միմիայն նախաքննական մարմնից: Նախագահի թեկնածուն հակված է կարծել, որ այդ ամենի հետևում կանգնած են պետական կամ ոչ պետական մարմիններ, իշխանությունն էլ փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից, ասել է Սեդրակյանն ու նաև պահանջ հնչեցրել:

«Պարույր Հայրիկյանի գործի քննւթյամբ զբաղվող համապատասխան կառույցներ կամ թող հանդես գան հայտարարությամբ, որ Վարդան Սեդրակյանը, իրոք, մեղավոր է, կապված է այս ամեն ինչի հետ և իրենք հիմքեր ունեն, կամ էլ հայտարարի, որ ընդհանրապես կապ չունի, դրանով կստանանաք բոլոր հարցերի պատասխանը: Սա է խնդիրը: Այս ամենն ինձ անհանգստացնում է, քանի որ բացասաբար է ազդում վարկանիշիս վրա: Ստացվում է, որ քարոզարշավ իրականացնելու փոխարեն զբաղված եմ երկու ձերբակալվածների կենսագրությունը ներկայացնելով»:

Ցուցադրել ավելի
Back to top button