Հասարակություն

Անապահով երեխաներին օգնության ձեռք կմեկնեն սկաուտները

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հայ սկաուտները  նպաստելու են անապահով երեխաների հասարակական ներգրավվածության աստիճանի աճին: Այս նպատակով Հայաստանի ազգային սկաուտական շարժման կենտրոնական գրասենյակում  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և Հայաստանի ազգային սկաուտական շարժման ատենապետ Հրաչյա Շմավոնյանը  ստորագրեցին  եռակողմ փոխըմբռնման հուշագիր:
«Անապահով երեխաների կազմակերպչական զարգացում եւ ներգրավվածություն». այսպես է կոչվում այն ծրագիրը, որի իրականացմանը օժանդակելու են հուշագիրն ստորագրած կառույցների ղեկավարները։

Ծրագիրը նախտեսված է մինչև 2014 թվականի վերջ: Ընդհանուր առմամբ մասնակիցների թիվը կկազմի 1400 հոգի` 12-ից 18 տարեկան, որոնք կընտրվեն 7 մարզերի գիշերօթիկ դպրոցներից և հարակից կրթօջախներից:

Հայաստանի ազգային սկաուտական շարժումը այս ծրագրի իրագործման համար ներդրել է 17 մլն. դրամ, որը ստացվել է Համաշխարհային սկաուտական շարժումից` դրամաշնորհի տեսքով «Խաղաղության սուրհանդակներ» ծրագրի շրջանակներում:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարևորեց հայ սկաուտների այս նախաձեռնության սոցիալական եւ դաստիարակչական բաղադրիչների առկայությունը: Իր հերթին ծրագրի իրագործումը կարևորեց նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա համոզմունք հայտնեց, որ ծրագիրը թույլ կտա երեխաներին դառնալ հասարակության լիարժեք անդամներ:

Հավելենք, որ այսօր Հայաստանում կա 800-ից ավելի սկաուտ։

Ցուցադրել ավելի
Back to top button