ԿարևորՀասարակություն

Արոտավայրերը Իրանին վարձակալության տալու որոշումը հայտնի կդառնա մի քանի շաբաթից

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքները այսօր ընդհանուր առմամբ կազմում են 380 հազար հա  արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի, բնության հուշարձանների տեսքով:  Հանրապետությունում կա 3 արգելոց, 4 ազգային պարկ, 26 արգելավայր և 230 բնության հուշարձաններ: Վերջիններիս ցանկը յուրաքանչյուր տարի վերանայվում է, իրականացվում են անձնագրավորան աշխատանքներ, հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:

Ըստ պաշտոնյայի՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարվում են սահմանների ճշգրտման և կադաստրային գրանցման աշխատանքներ: Պահպանման հարցում բավականին խնդիրներ կան, խոստովանեց նա։

Մեր երկրի բնության պահպանման տարածքներում ներկայացված է կենսաբազմազանության 60-70 տոկոսը, նշեց բնապահպանության նախարարության ներկայացուցիչը:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը հավելեց, որ ի թիվս այլ ծրագրերի այժմ ընթանում է բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնման գործընթացը:

Այս տարածքների պահպանման մեջ իր լուման ունի և Կովկասի բնության հիմնադրամը, հայտնեց մեր երկրում կազմակերպության համակարգող Արման Վերմիշյանը:

Անդրադառնալով Սյունիքի մարզի 50 հազար հեկտար արոտավայրը  իրանական կողմին վարձակալության տալու խնդրին՝  բնապահպանները իրենց մտահոգությունը հայտնեցին այս հարցի շուրջ: Ըստ Կարեն Մանվելյանի՝ խոսքը արգելավայրերի մասին է։

Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը հայտնեց, որ այս հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել և բավականին լրջորեն քննարկվում է տարբեր պետական գերատեսչություններում: Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ որոշումը կհրապարակվի մի քանի շաբաթից:

 

Back to top button