Առկա է ոչ միայն քաղաքական, այլեւ կառավարման ճգնաժամ, ասում է փորձագետը


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը ավարտական փուլ մտնող քարոզարշավը անհետաքրքիր, անգամ անլուրջ է համարում։ Կուսակցությունները հրաժարվում են կատարել իրենց ամենակարեւոր գործը՝ մասնակցել ընտրություններին եւ պայքարել իշխանության համար: Փաստը կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանին ստիպում է կասկածի տակ դնել կուսակցությունների լրջության աստիճանը և ընդհանրապես քարոզարշավը, որն, ըստ նրա, հագեցած է «բաժակաճառերով»:
«Ուղղակի երևում են եթերում, կարգախոսներով առաջ են գնում: Մոռանում են, որ հասարակ մարդու հետ պետք է պարզ լեզվով խոսել»,- ասում է նա։
Իսկ շարքային քաղաքացուն շատ պարզ հարցերի պատասխաններ են հետաքրքրում։
«Մարդն ուզում է իմանալ, թե ինչ վիճակ է ուզում այս կամ այն հավակնորդը, ինչ ճանապարհ է ընտրում և վերաջապես ում հետ և ինչ թիմով է դա անելու»:
Մեսրոբյանի տպավորությամբ՝ նախագահի պաշտոնի հավակնորդներից որևէ մեկը սա չի անում: «Տպավորություն ունեմ, որ բոլորը մտել են մրցավազքի մեջ՝ իրենց գոյությունը ցույց տալու կամ իրենց գինը ինչ-որ չափով բարձրացնելու համար»:
Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը առաջին իսկ օրվանից հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց: Սահմանադրական դատարան դիմել–չդիմելու, ապա դիմելու և դիմումը հետ վերցնելու երկար ձգվող պատմությունը փորձագետը ներքին խաղերի արդյունք է համարում, իսկ նպատակը, կարծում է, մեկն է` ինտրիգ ստեղծել եւ ի սկզբանե անհետաքրքիր ընտրությունները ինչ-որ կերպ դարձնել հետաքրքիր:
Փորձագետը կարծում է, որ ճգնաժամի մեջ է ոչ միայն քաղաքական, այլ նաև կառավարման համակարգը: Քաղաքական ճգնաժամը դրսևորվում է խոշոր կուսակցություններում նկատվող փլուզումներով: Ինչ վերաբերում է կառավարման ճգնաժամին, ապա, ըստ Մեսրոբյանի վերլուծության, համակարգի փլուզումը սկսվել է 2011-ին և շարունակվում է : Պիկը փորձագետը 2015-ին է կանխատեսում: Անկումից խուսափելու համար անհրաժեշտ է, որ առաջիկա մեկուկես տարում մարդիկ «խելքները գլուխները հավաքեն: