ԿարևորՎերլուծական

Առկա է ոչ միայն քաղաքական, այլեւ կառավարման ճգնաժամ, ասում է փորձագետը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը ավարտական փուլ մտնող քարոզարշավը անհետաքրքիր, անգամ անլուրջ է համարում։ Կուսակցությունները հրաժարվում են կատարել իրենց ամենակարեւոր գործը՝ մասնակցել ընտրություններին եւ պայքարել իշխանության համար: Փաստը կառավարման փորձագետ Հարություն  Մեսրոբյանին ստիպում է կասկածի տակ դնել կուսակցությունների  լրջության աստիճանը և ընդհանրապես քարոզարշավը, որն, ըստ նրա,  հագեցած  է  «բաժակաճառերով»:

«Ուղղակի երևում են եթերում, կարգախոսներով առաջ են գնում: Մոռանում են, որ հասարակ մարդու հետ պետք է պարզ լեզվով խոսել»,- ասում է նա։
Իսկ շարքային քաղաքացուն շատ պարզ հարցերի պատասխաններ են հետաքրքրում։

«Մարդն ուզում է իմանալ, թե ինչ վիճակ է ուզում այս կամ այն հավակնորդը, ինչ ճանապարհ է ընտրում և վերաջապես ում  հետ և  ինչ թիմով է դա անելու»:

Մեսրոբյանի տպավորությամբ՝ նախագահի պաշտոնի հավակնորդներից որևէ մեկը սա չի անում: «Տպավորություն ունեմ, որ բոլորը մտել են մրցավազքի մեջ՝ իրենց գոյությունը  ցույց տալու  կամ իրենց գինը ինչ-որ չափով բարձրացնելու համար»:

Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը առաջին իսկ օրվանից հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց:  Սահմանադրական դատարան դիմել–չդիմելու, ապա դիմելու և դիմումը հետ վերցնելու  երկար ձգվող պատմությունը փորձագետը ներքին խաղերի արդյունք է համարում, իսկ նպատակը, կարծում է,  մեկն է` ինտրիգ ստեղծել եւ ի սկզբանե անհետաքրքիր ընտրությունները ինչ-որ կերպ դարձնել հետաքրքիր:

Փորձագետը կարծում է, որ ճգնաժամի մեջ է ոչ միայն քաղաքական, այլ նաև կառավարման համակարգը: Քաղաքական ճգնաժամը դրսևորվում է խոշոր կուսակցություններում նկատվող  փլուզումներով: Ինչ վերաբերում է կառավարման ճգնաժամին, ապա, ըստ Մեսրոբյանի վերլուծության, համակարգի փլուզումը սկսվել է 2011-ին և շարունակվում  է : Պիկը փորձագետը 2015-ին է կանխատեսում: Անկումից խուսափելու համար անհրաժեշտ է, որ առաջիկա  մեկուկես տարում մարդիկ «խելքները գլուխները հավաքեն:

Ցուցադրել ավելի
Back to top button