

Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյան այսօր Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել՝ խնդրելով երկու շաբաթով հետաձգել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները: ՀՀ Սահմանադրության համաձայն, թեկնածուներից որևէ մեկի մոտ անհաղթահարելի խոչընդոտի առկայության դեպքում, թեկնածուն կարող է դիմել ՍԴ՝ ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու խնդրանքով: Անհաղթահարելի խոչընդոտի առկայության մասին որոշումը կայացնում է ՍԴ-ն:
ՍԴ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Սահմանադրական դատարանը, օրենքով սահմանված կարգով, սույն գործի քննության ընդունման հարցը քննության կառնի դիմումի մուտքագրումից հետո 24 ժամվա ընթացքում:
Սահմանադրական դատարանն առավելագույնը 4 օր ունի՝ հարցը քննելու և որոշում կայացնելու համար: Չորս օրը, այս դեպքում, եթե հաշվենք գործը քննության վերցնելու ժամկետով` երկուշաբթի օրվանից, լրանում է հինգշաբթի, ժամը 18:00-ին. մինչ այդ, Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի: Եթե արձանագրի, որ թեկնածուի դեմ այդպիսի խոչընդոտներ առաջացել են, ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու որոշում կկայացնի: Եթե ոչ՝ արդեն խիստ հավանական է դառնում, որ ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 18-ին, քանի որ այլ թեկնածուներ նման հարցով ՍԴ դիմելու մտադրություն չեն հայտնել, իսկ դրա հնարավորության ժամկետն ավարտվում էր այսօր՝ ժամը 18:00-ին: