ԿարևորՀասարակություն

Վաղը Բուն Բարեկենդան է

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Այս տարի փետրվարի 10-ին Բուն Բարեկենդանն է, իսկ հաջորդ օրվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը։ Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով` Մեծ Պահքն առիթ է ամրանալու հավատքի մեջ:
Սուրբ Ծնունդից մինչև Սուրբ Հարության տոնը յուրաքանչյուր հավատացյալի համար սովորելու, զորանալու, զարգանալու ընթացք է: Մեծ Պահքի ընթացքում եկեղեցու վարագույրը փակ է և պատարագը փակ է կատարվում. եկեղեցիներում վարագույրի փակ լինելը խորհրդանշում է դրախտի փակ լինելը, երբ մարդկային մեղքի պատճառով այն  փակվեց մարդկանց առաջ:

Աստվածահաճո է այն, որ  Պահքը պահես ոչ ցուցադրաբար: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարհության շրջանը:

Եկեղեցին երբեք չի ասում, որ կարևոր է սննդի պահքը կամ միայն տեսական ու ձևական մասը: Եկեղեցին կարևորում է այդ երկուսի համադրությունը: Ճիշտ է՝ լինում են տկարություններ, սակայն հնարավորինս մարդը պետք է  ձգտի պահեցողության:

Քառասնօրյա պահքին հաջորդում է Պահոց ևս մեկշաբաթյա  շրջանը`Ավագ շաբաթը: Սա է պատճառը, որ քառասնօրյա պահքը տևում է 48 օր: Մեծ Պահքի շրջանի 7 կիրակներն ունեն իրենց անունները՝ Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսում, Դատավորի,  Գալստյան և Ծաղկազարդ:

Հավելենք, որ Սուրբ Զատիկը փոփոխվող տոն է։ Եկեղեցին  այն հաշվարկում է  ամեն տարի գարնան գիշերահավասարին  հաջորդող լուսնի լրումից հետո ընկած առաջին կիրակին:

Ցուցադրել ավելի
Back to top button