ԿարևորՄշակույթ

Ես գիտեմ` Կմեռնեմ ձմռան առաջին օրը. Հովհ. Գրիգորյան

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Ասում են, որ բանաստեղծները գիտեն ավելի, քան սովորական մահկանացուները: Հովհաննես Գրիգորյանն իր բանաստեղծություններից մեկում կարծես կանխատեսել էր, որ մահանալու է ձմռանը: Երևանն այսօր վերջին հրաշեժտը տվեց նրան` բանաստեղծին, ով իր գրականությամբ փոխեց իր ժամանակի պոետական նկարագիրը:

Ես գիտեմ`

Կմեռնեմ ձմռան առաջին օրը:

Մարդիկ կթփթփացնեն ձյունոտված ոտները

Դռան շեմի փալասին և զարմանքով կնայեն,

Թե ինչպես է ձյունը հալվում սառած այտերիս վրա։

Հովհ. Գրիգորյան

 

«Մարդկային էր նրա պոեզիան, Հովհաննեսը պատվանդաններից չէր հարաբերվում մարդկանց հետ, նա միշտ մեզ հետ էր, մեր կողքին»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է կինոգետ Դավիթ Մուրադյանը:

Հովհաննես Գրիգորյանը ծնվել էր Գյուրիում,  1945 թվականին: «Դեռ մանկուց տարբերվում էր բոլորից: Դպրոց չէր գնում, բայց արդեն կարդում էր: Իսկ դպրոցական  տարիներին  ոչ միայն վարժ կարդում էր, այլ քաջածանոթ էր համաշխարհային գրականությանը»,- պատմում է  Էդիկ Սաֆարյանը` Հովհաննես Գրիգորյանի մանկության ընկերը։

 

Ծնվել եմ առավոտյան շուտ,

Գյումրվա մի աղքատիկ առավոտ:

Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,

Երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել

և անտարբեր նայում է մեր մոլորված ընտանիքին,

որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք:

Հովհ. Գրիգորյան

Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են  աշխարհի բազմաթիվ լեզուներով: Առանձին գրքերով լույս են տեսել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իրանում: Նա մի շարք գրական մրցանակների դափնեկիր է: 1998թ.  պարգևատրվել է  Մովսես Խորենացի մեդալով, 2011-ին՝ արժանացել ՀՀ պետական մրցանակի «Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար:

Փողոցներում

ծառերից կախված

օրորվում են բանաստեղծները:

Դեղին ժպիտ կա դեմքերին նրանց,

Ձեռքերին` հանգած ծխախոտ

Այս տողերով էր սկսվում նրա «Աշուն» բանաստեղծությունը, որը 60-ականներին մեծ փոթորիկ առաջացրեց հայ գրական միջավայրում: Այս բանաստեղծությունից հետո  երկար ժամանակ չտպագրվելու պատճառով է, որ Հովհաննես Գրիգորյանն արել է իր նշանավոր հումորը, փոխել է Չարենցի  հայտնի տողերն ու գրել.

 Թե ուզում ես գիրքդ տպեն`

Ժամանկին շունչդ փչիր…

 

Ցուցադրել ավելի
Back to top button