Հասարակություն

Անհրաժեշտ է սեյսմակայուն դարձնել Երեւանի դպրոցներն ու մանկապարտեզները, ասում է մասնագետը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Սեյսմիկ ռիսկերի նվազեցման տարբեր երկրների փորձը հուշում է, որ առաջնահերթ հարկ է ամրացնել հիվանդանոցները, դպրոցները եւ այն կառույցները, որտեղից աղետների դեպքում պետք է վերահսկվի իրավիճակը:
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը Հայաստանում նման քայլերի ձեռնարկումը դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր։

Այս գիտակցությամբ նա ստեղծել է «Փրկենք Երեւանի դպրոցները երկրաշարժերից» հիմնադրամը: Միանգամից բոլոր շենքերն ամրացնելը հսկա գումարներ է պահանջում, մեկ տարվա խնդիր չէ, գիտակցում է Մելքումյանը: Ուստի մասնագետն արդեն մշակել է խնդրի լուծման համալիր ծրագիր:
«Փրկենք Երեւանի դպրոցները երկրաշարժերից» հիմնադրամը ձեռնամուխ է եղել գործընկերներից, բարերարներից, տարբեր երկրների ամենատարբեր կազմակերպություններից ֆինանսական միջոցների հավաքագրմանը, որոնք կուղղվեն մայրաքաղաքի բոլոր 240 ուսումնական հաստատությունների` մանկապատեզների, դպրոցների շենքերի ամրացմանը:
Ինչո՞ւ հենց Երեւանի։ Որովհետեւ մայրաքաղաքի ուսումնական հաստատություններն առավել խոցելի են: Ընդ որում` այդ կառույցների հրատապ ամրացումը Մելքումյանը ծրագրում է նորագույն տեխնոլոգիաներով եւ իր իսկ ստեղծած սեյսմամեկուսացման գերժամանակակից մոտեցումներով:
Ներկայում Մելքումյանի աշխատանքների շնորհիվ Հայաստանում արդեն կան շուրջ 40 սեյսմամեկուսացված շենքեր, և մեկ շնչին ընկնող այդ շենքերի թվով Հայաստանը երկրորդն է աշխարհում Ճապոնիայից հետո:
Քարե շենքերի սեյսմամեկուսացման Մեքայել Մելքումյանի ստեղծած տեխնոլոգիան հաջողությամբ ներդրվել է Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում, իսկ Ռումինիայի կառավարության պատվերով մշակվել է Յաշի քաղաքի քաղաքապետարանի շենքի սեյսմամեկուսացման նախագիծը:
Նրա ջանքերի շնորհիվ է Հայաստանում զարգացել սեյսմամեկուսիչների արտադրությունը: Շենքերի ամրացման ավանդական տեխնոլոգիաների համեմատ այս մոտեցումը թույլ է տալիս հսկայական գումարներ խնայել:
Մելքումյանի հաշվարկով` երեւանյան դպրոցների ամրացման աշխատանքները կարելի է հաջողությամբ ավարտին հասցնել  5 տարում: Ինչպես է, որ հայ մասնագետի ստեղծած նորագույն տեխնոլոգիաներն այն ոգեւորությամբ չեն ընդունվում մեզ մոտ, որքան այլ երկրներում, որոնք հրատապ սկսել են կիրառել դրանք:
Նախ՝ պետական կառույցներն են անտարբեր, հետո` շինարարությամբ զբաղվում են ամենեւին էլ այդ լուրջ մասնագիտությանը չտիրապետող մարդիկ, որոնց նորարարությունները չեն հետաքրքրում. արձանագրում է մասնագետը:
Հենց դա էլ վտանգում է նաեւ ներկա նորակառույցների ամրությունը, թեեւ դրանք այժմ ավելի խիստ նորմերով են կառուցվում:
Ինքը` Միքայել Մելքումյանը, ծանրակշիռ ներդրում ունի սեյսմակայուն շինարարության ոլորտներում: Նա 180-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ կամ համահեղինակ է, այդ թվում` 13 գրքի, 10 նորմատիվ փաստաթղթերի և 12 գյուտերի:
1995-1996 թթ. Մելքումյանը ստեղծում է երկրաշարժից շենքերի պաշտպանության երկու եզակի մեթոդ` սեյսմամեկուսացում շենքի հիմքում և «մեկուսացված վերին հարկի» մեթոդը` առանց շենքերի շահագործումը դադարեցնելու: Դրանց շնորհիվ աշխարհում առաջին անգամ առանց բնակիչների տարհանման վերականգնվեցին և սեյսմամեկուսացման միջոցով ամրացվեցին բնակելի և դպրոցական շենքեր:
Հինգ ամսում արդեն ավելի քան 5.5 մլն դրամ է հավաքվել: Նախաձեռնության հեղինակն ակնկալում է, որ, sysefoundation.am  կայքի միջոցով ստանալով առավել ընդգրկուն տեղեկատվությունը, առավել լուրջ կլինի մասնակցությունը եւ ֆինանսական օժանդակությունը հրատապ այս ծրագրին:

Ցուցադրել ավելի
Back to top button