Քաղաքական

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցի կապակցությամբ

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը մի շարք անճշտություններ է հայտնաբերել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության այսօր հրապարակած զեկույցում։

Այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խոսքը երկու դրույթին է վերաբերում։

«Առաջինը` հեռուստաընկերությունների կողմից թեկնածուներին հատկացվող եթերաժամերի գնահատականը, մեր կարծիքով, ճշգրտորեն չի արտացոլում իրական պատկերը: Համաձայն մի շարք դիտարկող կազմակերպությունների (օրինակ` Երևանի մամուլի ակումբի), ինչպես նաև հենց ԺՀՄԻԳ առաջարկով մշտադիտարկում իրականացնող ՀՌԱՀ-ի տվյալների, առավել շատ լուսաբանավել է Պարույր Հայրիկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Սերժ Սարգսյանի լուսաբանումը իր ծավալով զբաղեցնում է երրորդ տեղը: Դիտարկվող մի շարք այլ չափանիշներով մեր թեկնածուն զբաղեցնում է անգամ չորրորդից վեցերորդ տեղերը` զիջելով մյուս թեկնածուներին:
Երկրորդ անճշտությունը վերաբերում է մեր շտաբերի տեղակայմանը: Զեկույցում ճշգրտորեն մեջբերած է Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն. Ընտրական շտաբերը չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ շտաբերը զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները:
Ի դեպ, այդ դրույթը որևէ քննադատության չի արժանացել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովների Ընտրական օրենսգրքի վերաբերյալ համատեղ եզրակացությունում: Համաձայն այդ դրույթի, օրինակ, շտաբեր կարող են տեղակայվել համայնքային սեփականություն հանդիսացող շենքերում, եթե այդ շենքերը զբաղեցված չեն տեղական ինքնակառավարման կամ պետական մարմնի կողմից (համայնքի ղեկավարի, ավագանու, ընտրական հանձնաժողովի և այլն): Այսինքն, շտաբերը կարող են տեղակայվել, օրինակ մշակույթի պալատում, եթե այնտեղ տեղակայված չեն վերոնշյալ մարմինները: Ցավոք, զեկույցում որպես խախտում մատնանշված օրինակներն անտեսում են oրենքի այդ դրույթը, տարածական մեկնաբանում այն, ինչպես նաև որոշ դեպքերում շփոթում ընտրական շտաբերը ՀՀԿ տարածքային գրասենյակների հետ:

Այսպես օրինակ` զեկույցում նշվում է, որ Արմավիր, Էջմիածին և Մեծամոր քաղաքներում շտաբը գտնվում է համայնքային շենքերում: Իրականում Արմավիրում շտաբը վարձակալում է տարածք մշակույթի պալատից, Էջմիածնում` մասնավոր անձից, Մեծամորում` մասնավոր հյուրանոցից: Զեկույցում նմանատիպ անճշտություններ առկա են Արևադաշտի, Ծաղկահովիտի, Արագածի, Կարբիի, Ագարակի հետ կապված:

Կենտրոնական շտաբը իր պատրաստակամությունն է հայտնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հետ քննարկելու վերոնշյալ հարցերը, ինչպես նաև տրամադրելու անհրաժեշտ այլ տեղեկություններ հետագայում նման թյուրիմացություններից խուսափելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button