ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ընտրվել է Սոցինտերնի տարածաշրջանային համանախագահ


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մասնակցել է Պորտուգալիայում կայացած Սոցինտերնի խորհրդի ժողովին եւ ընտրվել է Սոցինտերնի տարածաշրջանային համանախագահ: Այս մասին ՀՅԴ բյուրոյի անդամը խոսել է լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ: Վահան Հովհաննիսյանի խոսքով` դա աշխարհի ամենամեծ կազմակերպություններից մեկն է, ընդգրկում է Սոցիալիստական կուսակցություններն աշխարհի գրեթե բոլոր երկրներից: Նման կառույցներում ճիշտ աշխատանքն զգալի օգուտ է բերում մեր երկրին` վստահեցրել է Հովհաննիսյանը: ՀՅԴ բյուրոյի անդամը նաեւ արձագանքել է Հայաստանի ներքաղաքական թեմաներով որոշ հարցերի:
Սոցինտերնի խորհրդի ժողովում քվեարկությամբ հաղթել է Դաշնակցությունը, սակայն որոշվել է, որ լինի համանախագահություն, որի միջոցով ապահովվելու է նաեւ ԵՄ անդամ երկրի ներկայացվածություն: Այսպիսով համանախագաններից մեկն էլ ընտրվել է հունգարացի պատգամավոր Ալեքսանդրա Դոգոլինը: Վահան Հովհաննիսյանի խոսքով` Դաշնակցության հեղինակությունը միջազգային ասպարեզում բավականին աճել է, ինչի վկայությունը միաձայն ընտրությունն է եղել:
«Թուրքական կուսակցությունը դահլիճում չէր: Հավանաբար դուրս էին եկել, որ չմասնակցեն, բայց ոչինչ: ՀՅԴ առաջարկով Վրաստանում վերստեղծված սոցիալիստական կուսակցությունը ստացավ դիտորդի կարգավիճակ, իսկ Ադրբեջանը կորցրեց իր կարգավիճակը, քանի որ իրականության մեջ որպես այդպիսին կուսակցություն չկա այդ երկրում` բացի Ալիեւի ղեկավարած կառույցներից»:
Վահան Հովյաննիսյանը հավելեց նաեւ, որ Դաշնակցության հեղինակության աճի մասին է վկայում եւս մեկ հանգամանք` կուսակցությունն առաջին անգամ ընդրգվել է նաեւ ֆինանսական հաշվեկշիռը կազմող-ստուգող, վերահսկող հանձնաժողովի աշխատանքերում: Հարցին, թե ի՞նչ է տալու այդ անդամակցությունը Հայաստանին` դաշնակցական գործիչն այսպես արձագանքեց.«Օրինակ, եթե ձեզ թվում է Ֆրանսիայի նախագահը ներքին զգացողությունից ելնելով է վարում Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ սանկցիաներ կիրառելու քաղաքականություն սխալվում եք»: Քաղաքական ընտրանիքներն աշխարհում մեծ դեր են խաղում` հավելեց բանախոսը: Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ` նման կառույցներում ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է երկրին հսկայական օգուտներ բերել:
Դաշնակցական գործչին լրագրողներն այսօր նաեւ ներքաղաքական թեմաներով հարցեր ուղղեցին: Վերջինս ի սկզբանե շեշտեց, որ զերծ է մնալու որեւէ նախագահի թեկնածուի մասին որեւէ մեկնաբանություն անելուց, քանի որ կա կուսակցության որոշումն այդ կապակցությամբ: Ինչ վերաբերում է փետրվարի 18-ին կայանալիք քվեարկությանը. Վահան Հովհաննիսյանի փոխանցմամբ` կլինի կուսակցության հայտարարությունը: Դաշնակցական գործիչն, այնուամենայնիվ, արձագանքելով որոշ հարցերի, ներկայացրեց իր անձնական տեսակետները: «Նախընտրական պրոցեսներ, որպես այդպիսին, չեմ տեսնում, ցավոք սրտի, որոնցից ինձ համար ամենամտահոգիչը Անդրիասի հացադուլն է»:
Դաշնակցական գործչի գնահատմամբ` այսօր ձեւավորված պայմաններում հիվանդ է հասարակությունը, հիվանդ է իշխանությունը, իսկ այդպիսի պայմանների համար, ըստ Վահան Հովհաննիսյանի, մեղավորը իշխանությունն է:
Դաշնակցական գործիչը նկատեց նաեւ, որ այս ընտրություններում փող չի բաժանվելու եւ սա ոմանց մտահոգել է: Նրանց, ովքեր ընտրությունները դարձրել էին բիզնես: Այդ խավը հիմա իշխանություններին է փորձում վախեցնել:
Հիշեցնելով, որ ՀՅԴ բյուրոն որոշում ունի` Վահան Հովհաննիսյանը հավելեց, թե ինքը կենթարկվի այդ որոշմանը, սակայն` մյուս բոլոր թեկնածուներին կողմ կքվեարկի, իմանալով հանդերձ, որ այդ դեպքում իր քվեարկությունն անվավեր կճանաչվի: Բանախոսը հավելեց, որ չմասնակցելով միջոցառմանը, Դաշնակցությունը փորձելու է այն վերջին պահին իշխանության դեմ ցույց դարձնել: ՀՅԴ բյուրոյի անդամի ձեւակերպմամբ` այս փուլում իրենք ընտրություններին մասնակցելու իմաստ չեն տեսնում, իսկ մյուս փուլում կարող է իմաստ տեսնեն եւ շատ արագ իրավիճակ փոխվի: