ԿարևորՏնտեսական

Հայաստանն ապահովում է մոլիբդենի համաշխարհային պահանջարկի 3- 4 տոկոսը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանի «Մաքուր երկաթ» գործարանը նախատեսում է 2013 թվականին վերամշակել 6500 տոննա մոլիբդենի խտանյութ, արտադրել 3200 տոննա ֆերոմոլիբդեն եւ 750 տոննա մոլիբդեն: Այս ցուցանիշերը գերազանցում են 2012-ի ծավալները:

Շուրջ 600 աշխատող ունեցող եւ 9 հա տարածք զբաղեցնող գործարանի արտադրական գործընթացներին եւ արտահանման հնարավորություններին ծանոթանալու նպատակով «Մաքուր երկաթ» էր այցելել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այն առաջինն է Հայաստանում, որտեղ ներդրվել են մոլիբդենի խտանյութի վերամշակման և ֆերոմոլիբդենի արտադրության տեխնոլոգիաները:
Վարչապետին ներկայացվեց, որ 2012- ից ընկերությունը, օգտագործելով ժամանակակից սարքավորումներ, աշխատում է գերմաքուր մոլիբդեն ստանալու ուղղությամբ և մոլիբդենի թիթեղի ու պրոֆիլի արտադրության տեխնոլոգիայի ներդրման վրա: Գործարանի տնօրեն Գենիկ Կարապետյանն արձանագրում է, որ մետաղների համաշխարհային շուկան դեռ ամբողջապես չի թոթափել ճգնաժամի հարվածը: Դա ազդում է նաեւ հայաստանյան արտադրության վրա:
Մոլիբդենի համաշխարհային շուկայում Հայաստանը մատակարարում է ողջ պահանջարկի 3-4 տոկոսը: Այս գործարանում օգտագործվում է Քաջարանից վերցված հումքը: Ընդ որում` գործարանը զարգացման նոր ծրագրեր ունի: Այս տարվա համար ծրագրում է ավելացնել արտահանման ծավալները: Գենիկ Կարապետյանն իր հերթին նկատում է` գործարանում բաժնետեր դառնալով եւ ներդրումների կատարմամբ հետաքրքրված են նաեւ եվրոպական երկրները։

Ցուցադրել ավելի
Back to top button