ԿարևորՔաղաքական

Ընտրությունների ինտրիգը ոչ թե արդյունքներն են, այլ՝ շնորհավորանքը. ԱԺ ճեպազրույցներում

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյան այսօր ամփոփվել է  ավանդական ճեպազրույցներով: Քանի որ դրանք վերջինն են փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից առաջ, խորհրդարանական ուժերը նախընտրել են ավելի շատ խոսել ընտրական գործընթացների, քան քառօրյայի մասին:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ այս ընտրությունները նախորդներից շահեկանորեն տարբերվում են մեկ հանգամանքով. չկա բևեռացված, ագրեսիվ լարվածություն, և թեկնածուներից առնվազն երեքը ծրագրային պայքար են մղում:
Ընտրությունների մյուս  առանձնահատկությունը, Հակոբյանի գնահատմամբ, ձևակերպել են քաղաքագետները՝ թեկնածուներին բաժանելով 1-ին և 2-րդ էշելոնների:  2-րդ էշելոնի թեկնածուների խնդիրը, ըստ Հակոբյանի, հիմնական թեկնածուներին վարկաբեկելն է, ինչին «Ժառանգությունում» լուրջ չեն վերաբերվում: «Ավելին՝ հասարակությունն էլ  լուրջ չի վերաբերվում»,- ասաց։

«Ժառանգությունում» չեն հավատում նաև սոցիոլոգիւական հարցումներին: Նկատել են, որ նույն օրվա ընթացքում հակասական տեղեկություններ են հրապարակվում: Մեր  սոցհարցումներով Րաֆֆի Հովհաննսիյանի վարկանիշը վերջին 2 շաբաթների ընթացքում 2.5 անգամ աճել է, ասաց  Ռուբեն Հակոբյանը, բայց որևէ թիվ չնշեց:
Իսկ արդյո՞ք պատրաստ է «Ժառանգության» առաջնորդը պարտության դեպքում շնորհավորել հաղթած թեկնածուին՝  դրանով Հայաստանի պատմության մեջ  սկիզբ դնելով նոր ՝ շնորհավորանքի  մշակույթին:

«Եթե հնարավոր լինի ձևավորել այն մշակույթը, որ հաղթած ու պարտված թեկնածուները իսկապես ժողովրդի արդար քվեով ընտրվեն, ապա հնարավոր է նաև մյուս տարբերակը.  որ հաղթողն ու պարտվողը միմյանց ձեռք սեղմեն»:

Նույն հարցը՝  հաղթողին կշնորհավորե՞ք,  թե՞ ոչ, ՀՅԴ  խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին տրվեց:

«Ի՞նչը շնորհավորենք, երբ ընտրորթյուններն ինքնին շինծու են: Մեր գնահատումով՝ սրանք ժողովրդավարական ընտրություններից այնքան հեռու են, որ խոսել հաղթողի ու պարտվողի մասին ուղղակի անիմաստ է»:

ՀՅԴ-ն սեփական թեկնածուով ընտրություններին չի մասնակցում և թեկնածուներից որևէ մեկին չի սատարում. ընտրարշավի այս  դիրքորոշումը հայտնելուց հետո Դաշնակցության ներկայացուցիչներն ասել էին, որ կհետևեն ընտրական գործընթացներին և ըստ այդմ կկողմնորոշեն իրենց ընտրազանգվածին:   Արդյո՞ք արդեն կողմնորոշել են։ Արմեն Ռուստամյանն ասում է, որ  ՀՅԴ-ն ընտրություններից մի քանի օր առաջ  իր համակիրներին կկողմնորոշի:

«Շտապելու խնդիր չկա, բայց մեր մոտեցումը շատ հստակ է: Ինքս ասել եմ, որ անձամբ հակված եմ գնալ ընտրություններին ու քվեաթերթիկի վրա գրել «բոլորին դեմ»։

Ընտրություններից հետո  կլինե՞ն ձեռքսեղմումներ ու շնորհավորհանքներ, թե՞ ոչ.   հարցի վերեբերյալ ամենալավատեսականը ՕԵԿ-ի մոտեցումն  է: Շնորհավորողի դերում բոլոր թեկնածուներին էլ տեսնում եմ, ասաց ՕԵԿ խմբակցությունից Հովհաննես Մարգարյանը:

«Եթե  բաց ու թափանցիկ ընտրություններ կազմակերպենք, իսկ իմ կարծիքով ոչ թե եթե, այլ կազմակերպելու ենք, ապա  յուրաքանչյուր թեկնածու հաղթողին, իմ պատկերացումներով, պետք է շնորհավորի»:

Նույն դիրորոշումն ունի նաև Հանրապետական կուսակցությունը. խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը կարծում է, որ  ընտրությունների արդյունքներն իրատեսորեն գնահատելու դեպքում պարտվող թեկնածուն պարտավոր է շնորհավորել հաղթողին։
«Անուններ տալը կարծում եմ տեղին չէ: Ասում եմ իմ ցանկությունը, եթե 7-ն են պարվելու, ապա յոթն էլ փորձեն շնորհավորհել՝ իրենց մեջ գտնելով այդ կամքը»:

Ո՞վ կշնորհավորի հաղթողին հաղթանակի առիթով հարցըն անիմաստ է Հայ ազգային կոնգրեսի համար:
«Բացարձակ չի հետաքրքրում ընտրությունների ոչ ընթացքը, ոչ արդյունքը, ոչ էլ , թե  ով ինչ կանի»,- ասաց Արամ Մանուկյանը։

Իսկ ահա լրագրողներին հետաքրքրում էր Արամ Մանուկյանի պարզաբանումը ՀԱԿ-ը կուսակցության վերածելու ՝ Լևոն  Տեր-Պետրոսյանի  առաջադրած գաղափարի վերաբերյալ: Արամ Մանուկյանը սա ադեկվատ լուծում է համարում շարժման ներուժը չկորցնելու և շարունակելու առումով:
Մյուս կողմից գիտակցում է, որ նոր կուսակցության ստեղծումը նշանակում է նաև  որոշում կայացնել ՀՀՇ կարգավիճակի վերաբերյալ`  լուծարել այն, վերակազմավերել, վերանվանել, թե իրավական մեկ այլ ճանապարհով գնալ: Ինքն Արամ Մանուկյանը լուծարման կողմնակից  չէ: «Լուծարման տարբերակը նշանակում է գիծ գծել քո անցյալի և ապագայի միջև»:

ՀՀՇ-ի ճակատագիրը կորոշվի մոտ  մեկ ամիս հետո։ Կուսակցությունն այսօր վարչության նիստ կհրավիրի, ապա հարցը կքննարկի տարածքային կառույցներում, հնարավոր է նաև համագումար հրավիրի:  Միայն համագումարը, ըստ վարչության նախագահի,  կարող է որոշում կայացնել, թե որ տարբերակն է  ընտրելու կուսակցությունը` լուծարվելու, վերակազմավորվելու  թե՝  վերանվանվելու:
Ինչ վերաբերում է խորհրդարանական մյուս ուժերի վերաբերմունքին, ապա Հանրապետականը ուրախ կլինի, եթե հաջողվի քաղաքական առողջ նոր ուժ ձևավորել, ՀՅԴ-ն կարծում է, որ ՀԱԿ-ը վաղուց էր քառակուսի անիվի վերածվել և քաղաքական դաշտը որքան շուտ բևեռանա, այնքան ավելի լավ, « Ժառանգությունը» միայն բարի ճանապարհ է մաղթում:

Ցուցադրել ավելի
Back to top button