Հասարակություն

ANNA. սպառողների պաշտպանության ապրանքանշանը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Տեղական արտադրության որոշ ապրանքատեսակների վրա արդեն հայտնվել է լատինատառ ANNA բառը: Իհարկե, սա անուն չէ, այլ «Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության» լոգոտիպը, որը փաստում է` տվյալ արտադրանքն արժանացել է հայաստանյան սպառողների շահերի պաշտպանների վստահությանը։
Հայաստանյան սպառողների իրավունքների ոտնահարման բազմաթիվ ու բազմապիսի դեպքերն աչքի առաջ ունենալով են սպառողների շահերի պաշտպաններն աջակցության նոր ձեւ մշակել:
«Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության» Մելիտա Հակոբյանի տեղեկացմամբ` ստեղծվել է 21 հոգուց բացկացած խորհուրդ, այդ թվում պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, ովքեր մասնագիտորեն գնահատում են հայ տնտեսվարողների արտադրանքի ծագումը եւ կասկած չհարուցող որակ ապահովողներին տալիս իրենց հատուկ նշանը։
Խմբին շատ արտադրողներ էլ իրենք են հայտեր ներկայացրել` ստանալու նրանց գնահատականը: Սպառողների շահերի պաշտպանների վստահության նշանին արժանացնելու որոշումները միանգամից չեն կայացվել:
Նախաձեռնության հեղինակները վստահեցնում են` իրենք աշխատում են ոչ թե դրամաշնորհներով, այլ իրապես նպատակ ունեն սպառողների շահերի պաշտպանությունը մեկ այլ` ավելի բարձր մակարդակի հասցնել:
Հայաստանի Սպառողների ազգային ընկերակցության ANNA ապրանքանիշին արդեն արժանացել են Հայաստանում երշիկ, կաթնամթերք արտադրող տնտեսվարողներ: Սակայն, այսքանով հանդերձ, դեռ շարունակում են մտահոգիչ մնալ տարիներով բարձրաձայնվող խնդիրները:
Հայաստանում իրացվող հացի 50-60 տոկոսը անհայտ ծագում ունի. մակնշված չեն, հայտնի չէ, թե որ գործարանի արտադրանքն է, ինչ որակի է, որ տեսակի ալյուրից է պատրաստված: Հացի գնի տատանումները Հայաստանում որեւէ կերպ չեն կարգավորվում:
Մելիտա Հակոբյանի ղեկավարած միությունը նպատակ ունի 2013 թ.-ին կրկին առաջարկել կառավարությանն անդրադառնալ այդ խնդրին, քանի որ, ըստ նրա, Հայաստանում նկատվում է նաեւ հացի գնի մեկ այլ տիպի՝ քողարկված թանկացում. հաճախ արտադրողը հացի մեջ ավելացնում է ջուր եւ աղ՝ քաշը լրացնելու նպատակով: Արդյունքում կատարվում է հացի քաշի պակասեցում, ինչը եւս թանկացում է։

Ցուցադրել ավելի
Back to top button