Հասարակություն

Փուչիկների գործով մեղադրյալի պատիժը փոխարինվեց պայմանականով

Սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող գազալցված փուչիկներ թողարկելու ու իրացնելու համար մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի վերաքննիչ բողոքը բավարարվեց։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ՝ Ս.Բոզոյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի նշանակած պատիժը՝ մեկ տարի ազատազրկումը փոխարինեց 1 տարի պայմանական ազատազրկմամբ, հայտնում է «Փաստինֆոն»։

Սերոբ Բոզոյանը վերաքննիչ բողոքում միջնորդել էր մասնակիորեն բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ նշանակված պատժի մասով (գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով, այսինքն՝ ամբաստանյալը լիովին ընդունել է մեղադրանքը և դրա հիմքում ընկած ապացույցները, ուստի կարող է բողոքարկվել միայն պատժաչափի մասով): Նա դատարանին խնդրել էր իր նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ կամ ազատազրկում նշանակելու դեպքում՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, ամբաստանյալը 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Լեոյի փողոցի 60 տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, որի հետևանքով նույն օրը՝ Երևանի Հանրապետության հրապարակում նախընտրական միջոցառման ժամանակ 228 մարդկանց անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ գազալցված փուչիկների բռնկվելու ու պայթելու հետևանքով:

Ցուցադրել ավելի
Back to top button