ԿարևորՀասարակություն

Տիգրան Սարգսյան.«Արջի ծառայություն, որի կարիքը չունենք»

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Ներքաղաքական զարգացումներն ու մասնավորապես նախագահի թեկնածուների քարոզարշավը շարունակվում է, շարունակվում են նաև հանդիպումները տարբեր բնակավայրերի բնակիչների հետ: Այս օրերին ավելի, քան երբևէ մամուլի հրապարակումներին հաճախ ենք հանդիպում ահազանգերի, երբ հատկապես ուսումնական հաստատությունների տնօրեններն ու աշխատակիցները աշխատանքի ժամերին ակտիվորեն ներգրավված են քաղաքական գործընթացներում: Ավելի շատ բարձրաձայնվում է իշխող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի ու գործող նախագահի քարոզարշավի ընթացքում ծագող խնդիրների մասին, հազվադեպ՝ մյուս թեկնածուների քարոզարշավի հետ կապված խնդիրները:

Սա Արմեն Աշոտյանի նկատառումն է: Ինքը՝ կրթության ու գիտության նախարարը կադրերով նաև այլ թեկնածուների է տեսել դպրոցներում, որևէ մեկը, սակայն, դրա մասին չի ահազանգել, նախարարն էլ չի պատրաստվում որևէ մեկին իր տեսած կադրերի համար, պատասխանատվության ենթարկել.«Արմավիրի մարզ այցելության ժամանակ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց դպորցական ինչ-որ միջոցառման: Ե չեմ կարծում, որ դպրոցի տնօրենը մեղավոր է, որ այդ պահին իր մոտ անակնկալ հյուր է եկել: Այդ նույն տրամաբանությամբ պետք է պատժեի ԵՊՀ ռեկտորին, մանկավարժական համալսարանի ռեկտորին, որոնք պատահաբար ընդունել են նախագահի տվյալ թեկնածուին, որը գրքեր էր բերել, որովհետև շատ մտահոգված էր գրադարանային ֆոնդի համալրման անհրաժշետությամբ և դա պատահականոերն համընկավ քարոզարշավի հետ»:

Գրքերի համալրման թեման ավարտելով նշենք, որ Արմեն Աշոտյանը քարոզարշավից հետո էլ պատրաստ է ընդունել մեծ քանակությամբ գրքեր, ի դեպ, նաև առանց մամուլի ներկայության:
«Գալիք քարոզարշավը չպետք է խոչընդոտի ուսումնական հասատատությունների գործընթացները, քարոզարշավը չի կարող իրականացվել ուսումնական հաստատություններում»,- այս երկու կարևոր նախապայմանները ուսումնական հաստատությունների ղեկավարների առջև դրվել են դեռ տարեսկզբից: «Կառավարությունը շատ օպերատիվ է արձագանքում բոլոր փաստագրված և ապացուցվող ահազանգերին»,- վստահեցնում է ոլորտի պատասխանատուն: Իբրև օրինակ նա նշում է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի ու Մասիսի մի շարք ուսումնական հաստատությունների տնօրեններին արված նկատողություններն ու խիստ նկատողությունները:

«ՀՀԿ փոխնախագահներից մեկը` ի դեմս ԿԳՆ-ի, կատարում է մյուս փոխնախագահի՝ ի դեմս վարչապետի, հանձնարարականը ապաքաղաքականացնել կրթական համակարգը, երեկ նաև ՀՀԿ նախագահը խոսեց նրա մասին, որ նման գործելաոճի կարիք մենք ընդհանրապես չունենք: Ուստի ՀՀԿ-ական դիրքորոշումը դիտարկեք ՀՀԿ ղեկավարության կողմից արտահայտող հրապարակային ու գործնական քայլերի շրջանակներում»:

ԿԸՀ-ի կայքում զետեղված են մայրաքաղաքի ու մարզերի դահլիճների ցանկերը, որոնք պետությունը անվճար տրամադրում է բոլոր թեկնածուներին, դպրոցական դահլիճներում թույլատրված է հանդիպում կազմակերպել ընտրողների հետ: «Արջի ծառայություն. Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսպես է բնորոշում ուսումնական այս կամ այն հաստատությունների ղեկավարների՝ ուսումնական գործըթնացները քաղաքականացնելու ջանքերն ու փորձերը:

«Եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ կրթական համակարգի պաշտոնատար անձինք խստագույնս պատժվելու են, եթե խախտեն այն բոլոր սզբունքները, որոնք ամրապնդված են օրենքներում և առնչվում են նախընտրական քարոզարշավի կանոնակարգման հետ: Մենք աչալուրջ ենք լինելու և որևիցե շեղում օերնքի տառից թույլ չենք տալու, Այդ մարդիկ պետք է իմանան, որ միջամտելով, նրանք արջի ծառայություն են մատուցում մեզ, որի կարիքը մենք բացարձակապես չունենք»:
ՀՀ կառավարությունը որոշեց հողօգտագործողներին 2013 թվականի համար մատչելի գնով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ ձեռք բերելու նպատակով պետական աջակցության ծրագրերն իրականացնելու` սուբսիդիա տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել ավելի քան 3 մլրդ 16 մլն դրամ։ Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ մարզերի` առաջնահերթություն պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար հատկացվեց շուրջ 7.5 մլրդ դրամ։

Թողնել պատասխան

Back to top button