Մշակույթ

Հովհաննես Գրիգորյանին կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում

Անվանի բանաստեղծ, հրապարակախոս և թարգմանիչ,  ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր, ՀԳՄ վարչության քարտուղար Հովհաննես Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 8-ին, ժամը 18:00-ին, Երևան, Ավան, Թումանյան թաղ., շենք 10, բն. 11 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ փետրվարի 9-ին՝  ժամը 12:00-14:00, Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում, հայտնում են գրողի հուղարկավորման կառավարական հանձնաժողովից։

Հովհ. Գրիգորյանը ծնվել է 1945 թ. օգոստոսի 7-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Ավարտել է ԵՊՀ  մաթեմատիկական լեզվաբանության բաժինը: Երկար տարիներ պատասխանատու պաշտոններ է վարել  թերթերի և ամսագրերի խմբագրություններում:  Նրա առաջին իսկ  բանաստեղծական  գիրքը`  «Երգեր առանց երաժշտության» (1975 թ.),   միանգամից  ապահովեց  նրա մուտքը հայ գրականություն:  Հետագա ժողովածուները՝  «Բոլորովին ուրիշ աշուն» (1979 թ.),  «Անձրև մի տխուր առիթով» (1982 թ.), «Դանդաղ ժամեր» (1986 թ.), «Հրեշտակներ մանկության երկնքից» (1992 թ.), «Երկու ջրհեղեղի արանքում» (1996 թ.),  «Կես ժամանակ» (2002 թ.), «Երբեք չմեռնես» (2010 թ.), եկան հաստատելու  նրա տաղանդի  ինքնատիպությունը,  այն  առանձնահատուկ շնորհը, որով բանաստեղծը կարողանում էր  իր ստեղծագործություններում համադրել ազգայինն  ու  համամարդկայինը:  Գրում էր նաև երեխաների համար.  «Քո առաջին բառերը» (1980 թ.) և «Ամենա, ամենա Սոնան» (1987 թ.)  մանուկների սիրելի գրքերից էին:

Անուրանալի է նրա վաստակը թարգմանության ոլորտում: Թարգմանում էր անգլերենից, իսպաներենից և ռուսերենից: Բազմաթիվ հանրաճանաչ հեղինակներ` Խոսե-Օրտեգա-Ի–Գասեթ, Խուլիո Կորտասար, Կարլոս Ֆուենտես և ուրիշներ, հայ ընթերցողին ծանոթ են նրա հմուտ թարգմանություններով: Միաժամանակ նրա ստեղծագործություններն են թարգմանվել բազմաթիվ` անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն, պարսկերեն, ուկրաիներեն, վրացերեն և այլ լեզուներով:

Նրա մահված կապակցությամբ Գրիգորյանների ընտանիքին ցավակցական հեռագիր է ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանը։

«Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին և մերձավորներին անվանի մտավորականի և քաղաքացու մահվան կապակցությամբ, ում թողած գրական ժառանգությունը մնայուն արժեք է հայ գրականության մեջ»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Ցուցադրել ավելի
Back to top button