ԿարևորՔաղաքական

Հայրիկյանը դեռ երկմտում է

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը թեև լավ է, սակայն նրա ձեռքի վիճակը վատացել է, այսօր «Ռադիոլուր»- ի հետ զրույցում ասել է նրա նախընտրական շտաբի արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը:
Վիրահատության առաջին օրվանից Հայրիկյանի աջ ձեռքը թմրած էր, չէր կարողանում աջ ձեռքն օգտագործել։ Բժիշկների  պարզաբանմամբ՝ նյարդը վնասվել էր և աստիճանաբար մեկ շաբաթվա ընթացքում պետք է ապաքինվեր:
Ի տարբերություն հրազենային վնասվածքի՝ աջ ձեռքն անհանգստացնում է նախագահի թեկնածուին, չեն օգնում նաև ցավազրկողները:
Նախորդ գիշեր ցավի պատճառով Պարույր Հայրիկայը չի քնել, պատմել է Եղնուկյանը: Անդրադառնալով Սահմանադրական դատարան դիմել-չդիմելուն վերաբերվող հնչեցված հայտարարությանը՝ Հայրիկյանի նախընտրական շտաբի արտաքին կապերի պատասխանատուն ասել է, որ հայտարարության օրն իրենք վստահ են եղել, որ  Հայրիկայնը առողջական խնդիրներ չի ունենա:
Եղնուկյանը հիշեցրել է, որ առաջարկել էին նախագահի մյուս թեկնածուներին իրենց համոզել, թե ինչու պետք է նախագահական ընտրությունները հետաձգեն:
Իրավապահ մարմիններն իրենց աշխատանքի տեխնիկական մասը լավ են կատարել,  հարցաքննել են հարևաններին, տեսախցիկներ են տեղադրել, սակայն որևէ հայտարարություն չի հնչում:
«Իսկ երբ հայտարարություն չի արվում, դուք հասկացեք, այստեղ երկու պրոբլեմ կա. մեկ՝ մենք չենք իմանում մարդասպանը ով էր, և նա, փաստորեն, ձերբակալված չէ, և մենք չունենք պետական պաշտոնական վարկած: Անվտանգության հարցն է։ Երկրորդ՝ մեր թանկարժեք ժամանակը արդեն մեկ շաբաթ կորցնելուց հետո, այն ինչ-որ մեզ մնացել է, մենք գոնե վատնենք ընտրապայքարի համար, վատնում ենք ապուշությունները հերքելով. Հայրիկյանը ինքն է իրեն կրակել, թե թատերական ներկայացում է: Իսկ եթե պատկան մարմինները պաշտոնական հայտարարություն անեին՝ այս ասեկոսեները կվերանային, և մենք կանցնեինք մեր գործին: Չեն թողնում, որ տեղից պոկվենք: Մի կողմից մեզ մեղադրում են, որ Հայրիկյանը իշխանությանը ծախվեց, իշխանության ջրաղացին է  ջուր լցնում, մյուս կողմից՝ այդ նույն իշխանությունը թև ու թիկունքի չի կանգնում Հայրիկյանին, որպեսզի ասեկոսեները փարատվեն: Սահմանադրական դատարան դիմելու համար մենք դեռ ժամանակ ունենք: Մենք ուզում ենք մեկ անգամ ևս շեշտել. առայժմ չի նշանակում, որ չի դիմի»,- ասել է Կարո Եղնուկյանը։

Թողնել պատասխան

Back to top button