Վերլուծական

Իրանի դեմ պատժամիջոցներն ու հայ- իրանական հարաբերությունները

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Անցած ամառվանից Իրանի նկատմամբ ԵՄ սահմանած պատժամիջոցները երեկվանից խստացվել են: Որքանո՞վ այս հանգամանքը կարող է ազդել հայ- իրանական հարաբերությունների եւ մասնավորապես հայ- իրանական համատեղ տնտեսական ծրագրերի վրա:
Իրանագետ Ռուդիկ Յարալյանը կարծում է, որ թեեւ անցած ամռանից ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանել է պատժամիջոցներ նավթային գործարքների հետ կապված, սակայն Իրանը դրանից հետո շարունակել է շուրջ 20 երկրի հետ  իրականացնել իր նավթային գործարքները: Դրանք հիմնականում ասիական երկրներ են։
«Դա մի կողմից նվազեցնում էր պատժամիջոցների արդյունավետությունը, մյուս կողմից` վտանգ էր ստեղծում դոլարի գերիշխանության համար»,- ասում է նա։
Խնդիրն այն է, որ տվյալ գործարքներն իրականացվում են ոչ դոլարային արժեքով, այլ` օրինակ չինական յուանով կամ հնդկական ռուպիիով: Ստացվում էր, որ մի տեսակ դոլարից անկախ համակարգ էր ձեւավորվում, ինչը, ըստ փորձագետի, մտահոգում էր ԱՄՆ-ին:
Իրանի նկատմամբ պատժամիջոցները երեկվանից խստացվեցին եւ, փաստորեն, արգելք է դրվել նաեւ այդ դրամական գործարքների վրա:

ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Մհեր Բաղդասարյանը նկատեց, որ Հայաստան-Իրան հարաբերությունները միանշանակ չեն դիտարկվում Իրանի հանդեպ համաշխարհային քաղաքականության համատեքստում: Ըստ փորձագետի` այստեղ դեր ունեն երկու էական հանգամանք: Նախ` Հայաստանի շրջափակված լինելու հանգամանքը, ինչպես նաեւ` որպես տարածաշրջանում կայուն երկիր Հայաստանի կարեւորությունը թե Արեւմուտքի, թե Ռուսաստանի համար։
Այսինքն` իրականությունն այն է, որ Հայաստանին այլընտրանք հայ-իրանական հարաբերությունների առումով հնարավոր չէ առաջարկել` ինչի դիմաց հնարավոր լինի պահանջել, որ Հայաստանը միանա Իրանի դեմ կիրառվող սանկցիաներին, եզրափակեց փորձագետը։

 

Back to top button