ԿարևորՔաղաքական

Վարդան Սեդրակյան.«Նախընտրական քարոզարշավը վերածվել է շուկայական հարաբերությունների»

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

«Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի և իշխանության միջև գործարք է տեղի ունեցել, ըստ որում` նաև մինչև նրա դեմ մահափորձը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը: Իր հայտարարությունը նա փորձել է հիմնավորել փետրվարի 2-ին Իգոր Մուրադյանի հրապարակած այն հոդվածով, որտեղ վերջինը գրել է, թե ընտրություններից հետո Պարույր Հայրիկյանը պետք է ստանար ՀՀ եվրաինտեգրման նախարարի և միաժամանակ ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը:

«Չեմ կարող ասել, որ պետք է անվերապահորեն ընդունել սա, բայց 1988-ից Իգոր Մուրադյանը կանգնած է եղել Ղարաբաղյան շարժման ակունքներում, նրա անունը ասոցացվում է նախագահի աշխատակազմի հետ: Անձամբ ճանաչում եմ նրան: Այս մարդը չէի ասի, որ վախկոտ է, բայց չափից ավելի զգուշավոր է, և եթե չունենար հստակ տեղեկություններ չէր հրապարակի»,– ասել է նա: Վարդան Սեդրակյանն ասել է, որ եթե Պարույր Հայրիկյանը որևէ կերպ չանդրադառնա այս հոդվածին, որևէ քայլ չանի, ապա հոդվածում հնչած կարծիքը կարելի է որպես փաստ ընդունել:

«Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով նախատեսվում էր կոնկրետ քայլ, բայց չարվեց: Տարօրինակ է նաև, որ մահափորձի օրը հեռուստատեսային հարցազրույցում Պարույր Հայրիկյանը մարգարեացել է: Նա հայտարարել էր, որ եթե թեկնածուներից մեկի առջև անհաղթահարելի խոչընդոտներ են առաջանում, օրենքը նախատեսում է անվավեր ճանաչել ամբողջ քարոզարշավը: Նրա հայտարարունից մի քանի օր անց ստեղծվում է այն իրավիճակը, որի մասին ինքը խոսում էր, բայց չի օգտվում այդ իրավունքից: Թեև ասում է, որ կան անհաղթահարելի խոչընդոտներ, բայց չի օգտվում, գոնե ասեր անհաղթահարելի չէ: Գալիս ենք տրամաբանական այն արդյունքին, որ նախընտրական քարոզարշավը վերածվել է շուկայական հարաբերությունների»:

Վարդան Սեդրակյանը դժվարացել է ասել, թե ով էր կազմակերպել մահափորձը, բայց սոցիոլոգի խորհուրդներին հետևելով` Պարույր Հայրիկյանը փորձում է առավելագույն օգուտները քաղել: Ի դեպ, լրագրողների հետ հանդիպումից հետո Վարդան Սեդրակյանն այցելել է հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, հետաքրքրվել նրա առողջական վիճակով և իր զորակցությունը հայտնել նրան:

Թողնել պատասխան

Back to top button