Հասարակություն

Սյունիքի մարզի եւ Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի միջեւ իրավական հետեւանք առաջացնող որեւէ համաձայնագիր կնքված չէ

Հայաստանի Սյունիքի մարզի եւ Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի միջեւ իրավական հետեւանք առաջացնող որեւէ համաձայնագիր կնքված չէ,-հայտնում են Տարածքային կառավարման նախարարությունից: Ըստ հաղորդագրության՝ «Էկոլուր» Հասարակական կազմակերպության կողմից հրապարակված փաստաթղթերը երկու պատվիրակությունների հանդիպման արդյունքների արձանագրությունն են, որոնք անվանվել են «Համաձայնագիր»: Այդ փաստաթղթերում ընդամենն արձանագրվել են կողմերի միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու քննարկված հարցերի վերաբերյալ մոտեցումներն ու առաջարկությունները:

«Համաձայնագիր» կոչվող փաստաթղթերը ստորագրել են երկու պատվիրակությունների գյուղատնտեսության հարցերով պատասխանատուները, եւ դրանցում արտացոլված հարցերը պետք է վերջնական լուծում ստանան ներպետական մակարդակով, իսկ անհրաժեշտության դեպքում` անցնեն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգեր: «Հայտնում ենք նաեւ, որ անկախ փաստաթղթերի իրավական կարգավիճակից, հողերի վարձակալության հանձնելու կարգը սահմանված է Հայաստանի հողային օրենսգրքով: Քանի դեռ հողային օրենսգրքի պահանջների համաձայն պայմանագրեր չեն կնքվել եւ իրենց գրանցումը չեն ստացել համապատասխան պետական մարմնում, նշված փաստաթղթերի շրջանակում Սյունիքի մարզում արոտավայրերի վարձակալման մասին խոսելը տեղին չէ»,-նշված է նախարարության  հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button