ԿարևորՀասարակություն

Նախորդ տարի գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր լրագրողների հետ են հանդիպել Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ու հոգեբան Իրինա Ծատուրյանը: Նրանք խոսել են ընտանեկան բռնությունից: Նելլի Դուրյանը փաստեր է բերել, հոգեբանն էլ փորձել է դրանց հոգեբանական նկարագիրը ներկայացնել: Այսպիսով, նախորդ տարվա համեմատ, 2012թ Հայաստանում ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը: Աշխարհին հայտնի է ընտանեկան բռնության չորս բաղկացուցիչ մաս՝ սեռական, հոգեբանական, ֆինանսական ու ֆիզիկական: Ավելի շատ հայ իրականությունում բռնության ու հատկապես հոգեբանական, ենթարկվում են կանայք, երբեմն՝ նաև տղամարդիկ: Հոգեբան Իրինա Ծատուրյանն ասում է, որ 1988-ից հետո հայկական ավանդական ընտանիքում ինչ-որ բան փոխվեց: Կանայք սկսեցին աշխատել, ֆինանսական խնդիրներն իր ուսերին վերցրեց նաև կինը:

Հոգեբանական բռնության դեպքում բնականաբար իրավապահ մարմիններին չեն դիմում: Ոստիկանություն դիմում են հատկապես ֆիզիկական բռնությունների դեպքում: 2012-ին Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 766 դեպք, որից 621-ը իգական սեռի նկատմամբ, 145-ը` արական: Անչափահասների նկատմամբ արձանագրվել է ընտանեկան բռնության 15 դեպք: Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյան.«Նախորդ տարիների համեմատ այդ բռնությունների թիվն աճել է, սա չի նշանակում, որ դեպքերն են ավելի շատ աճել: Ընտանիքներում, ցավոք սրտի, բռնությունը բոլոր ժամանակներում է եղել և առկա է բոլոր երկրներում»:

Ընտանիքներում տղամարդկանց նկատմամբ իրականացված բռնությունը դրսևորվել է հիմնականում հայր-որդի հարաբերության մեջ, սակայն, մի դեպք է գրանցվել, երբ կինը սպառնացել է տղամարդուն: Բարձր տեխնոլոգիաներն ու նորմածությունները երբեմն ընտանիքի անդամների՝ միմյանց նկատմամբ բռնություն կիրառելու պատճառ են դառնում, հերթականն ու վերջինը՝ 17-ամյա քրոջ ու 15-ամյա եղբոր միջև է գրանցվել, ի դեպ, երբեմն նաև հայ տղամարդն է բռնության ենթարկվում: «Ունենք մի դեպք, երբ կնոջ կողմից տղամարդու նկատմամբ սպառնալիք է եղել»:
Իսկ ընտանեկան բռնության ամենաշատը ենթարկվում են մայրաքաղաքի բնակիչները, Նելլլի Դուրյանը սա Երևանի՝ գերբնակեցվածությամբ է բացատրում:

Թողնել պատասխան

Back to top button