Հասարակություն

Մոտ 2 մլն եվրո՝ երկու անցակետերի արդիականացման համար

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Վրաստանի և Հայաստանի սահմանին «Բավրա» և «Նինոծմինդա» անցակետերի կառավարման կարողությունների զարգացման նպատակով ՄԱԿ- ի զարգացման ծրագիրը նախատեսում է համալիր միջոցառումներ իրականացնել։ Ծրագրի մեկնարկին  նվիրված համաժողովը տեղի ունեցավ այսօր։

Անցակետերի արդիականացման լայնածավալ միջոցառումներ նախատեսող դրամաշնորհային այս ծրագիրը բավականին խոստումնալից է: Ընդհանուր առմամբ այն արժե 1 մլն 900 հազար եվրո, և կիրականացվի մինչև 2014 թվականի առաջին կեսը:
Ինչպես հայտնեց մեր երկրում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Սահմանների համալիր կառավարման հարցերով ծրագրի ղեկավար Գրիգորի Մալինցյանը, արդյունքում հայ-վրացական պետական սահմանի  անցման կետերում կներդրվեն սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք ուղղված կլինեն միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը, ինչպես նաև մարդկանց միջսահմանային շարժի հեշտացմանը։

Ծրագրի շրջանակներում կտեղադրվեն էլեկտրական և ինժեներական ցանցերը, անցակետերը կգազիֆիկացվեն, կտեղադրվեն օպտիկամանրաթելային մալուխներ

Սահմանային անցակետերի ենթակառուցվածքի արդիականացման ծրագրի ակնկալվող արդյունավետությանը ողջույնի իր խոքում անդրադարձավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա՝ անցակետերի արդիականացումից հետո հետիոտները կկարողանան հատել պետական սահմանը ընդհամենը 3 րոպեում, ավտոբուսները` 20 րոպեում, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցները՝ մինչեւ 25 րոպեում: Ակնկալվում է և մարդկանց և տըարանսպորտային հոսքերի ավելացում։

«Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայ-վրացական սահմանն օրական միջինը հատում է 904 մարդ: Անցակետերի արդիականացման ծրագրի արդյունքում այդ թիվը կդառնա շուրջ 2000: Ներկայումս սահմանը հատող 200 տրանսպորտային միջոցների թիվը կդառնա 600»։

Իր հերթին մեր երկրում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան նշեց, որ սահմանային անցակետերի արդիականացումն արտացոլում է նաեւ Հայաստանի կողմից ԵՄ Արեւելյան հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրով  ստանձնած պարտավորությունները:

«Հետագայում մենք նախատեսում ենք նաեւ նախաձեռնել սահմանի Բագրատաշեն-Սադախլո հատվածում անցակետերի զարգացման ծրագիր 3,5 մլն եվրո բյուջեով: Այս ամենն ուղղված է Հայաստանի հյուսիսային սահմանի անցակետերի ենթակառուցվածքների զարգացմանը, ինչը կնպաստի և տնտեսական աճի ավելացմանը»։

Համաժողովում բացման խոսքով հանդես եկավ նաեւ Վրաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Դավիդ Լեժավան, որը կարևորեց երկկողմ փոխշահավետ համագործակցությունն այս ոլորտում:

«Վրաստանը շարունակում է սահմանային անցակետերի արդիականացման ջատագովը մնալ: Համապատասխան համաձայնագիր ստորագրվեց Երևանում հունվարի 17-ին Վրաստանի վարչապետի Երևան կատարած այցի շրջանակներում: Վրացական կողմը վերահաստատել է իր պատռաստակամությունը իրագործել Արևմտյան գործընկերության շրջանակներում նախանշված համատեղ տարածաշրջանային ծրագրերը»,- ասաց վրացի փոխնախարարը:

Թողնել պատասխան

Back to top button