Հասարակություն

Կտրամադրվեն ուսանողական արտոնյալ վարկեր

ՀՀ կառավարության և Հայաստանի բանկերի համատեղ նախաձեռնությամբ հանրապետությունում կսկսեն տրամադրվել ուսանողական արտոնյալ վարկեր։ Վարկային այս ծրագրի հիմնական շահառուները պետական և ոչ պետական բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն են:
«Նման ծառայություն մատուցում են Հայաստանի մի շարք բանկեր, սակայն առկա է դրա մատչելիության խնդիրը: Այս ծրագրով հնարավորություն է տրվում առավել մատչելի մեխանիզմների կիրառում, ավելի մեծ թվով ուսանողների` բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն, առավել հասանելի կրթական ծառայությունների մատուցում բուհերի կողմից և կրթություն ստանալու խոչընդոտների մեղմացում: Այսինքն՝ այս ծրագիրը նախևառաջ միտված է բարձրագույն կրթության հասանելիությանը և մատչելիությանը: Համալիր գործողությունների արդյունքում` լավ սովորող ուսանողները խնդիր չեն ունենա կրթություն ստանալ և աշխատաշուկայում իրենց տեղը գտնելով` վարձահատույց լինել այն ներդրումների համար, որոնք արվել են պետության կողմից»,- այսօր վարկային ծրագիրը ներկայացնելու ժամանակ ասել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանն էլ նշել է, վարկը տրամադրվելու է 10 տարվա ժամկետով։ Ուսումնառության ընթացքում, առավելագույնը 4 տարում, կմարվեն միայն տոկոսները, իսկ հետո մայր գումարն և տոկոսագումարները հավասարաչափ։

«Վարկի առավելագույն ծավալը յուրաքանչյուր վարկառուի համար կկազմի 1,800,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 4 մասնաբաժնով, ընդ որում՝ յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավել, քան 450 հազար ՀՀ դրամ` կախված ուսման վարձի չափից:  Վարկը կտրամադրվի 12%-ով, որից պետությունը բոլոր շահառուների համար կսուբսիդավորի 2%-ը, իսկ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար` 3%-ը: Վարկը կտրամադրվի անկանխիկ եղանակով. վարկի գումարը կփոխանցվի անմիջապես ուսումնական հաստատություններին»,- ընդգծել է Աշոտ Օսիպյանը։ Ծրագիրն  իրականացվելու է  14 առևտրային բանկերի միջոցով:

Թողնել պատասխան

Back to top button