ԿարևորՔաղաքական

ԿԸՀ- ն մերժեց նախագահի թեկնածուի դիմումը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում քննարկել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի փետրվարի 4- ի դիմումը, որում դիմումատուն նշում է, թե նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր քարոզարշավում, երկրորդ շաբաթից սկսած, օգտագործում է գովազդային հոլովակ, որտեղ ներառված է իր պատկերը։ Դիմումատուն չի տվել համաձայնություն` այդ հոլովակում իր պատկերն օգտագործելու համար:
Ըստ Անդրիաս Ղուկասյանի` հոլովակն իր բովանդակությամբ քաղաքացիների մոտ կարող է ստեղծել թյուր պատկերացում, թե Սերժ Սարգսյանն աջակցել է Մաշտոցի պուրակում 2012թ. ապրիլ ամսին քաղաքացիական անհամաձայնություն արտահայտած քաղաքացիներին: Նշված դիմումով ԿԸՀ-ից պահանջվում է միջոցներ ձեռնարկել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նկատմամբ` արգելելով վերջինիս իր քարոզչության մեջ թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պատկերի օգտագործումը և թյուր տեղեկատվության տարածումը:

Դիմումի քննության արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստեց, որ թեկնածուների կողմից ներկայացված  տեղեկատվության հանրային ընկալման գնահատման, առավել ևս դրանով պայմանավորված սանկցիաներ կիրառելու իրավասություն կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պատճառաբանական հատվածում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության որևէ օրենք չի արգելում Հանրապետության Նախագահի թեկնածուներին իրենց քարոզչական հոլովակներում և նյութերում օգտագործել այլ անձանց պատկերող տեսարաններ: Ինչ վերաբերում է կոնկրետ դիմումով ներկայացված փաստական հանգամանքին, ապա, ուսումնասիրելով «Ազատ ու ինքնավստահ Հայաստան» անվանումը կրող քարոզչական բնույթի հոլովակը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ դիմումատուի նշած դրվագը վերաբերում է Հանրապետության Նախագահի թեկնածուի որոշակի գործունեության ներկայացմանը:

Վերոգրյալով պայմանավորված` հանձնաժողովը որոշեց մերժել հանրապետության նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումը։

Թողնել պատասխան

Back to top button