ԿարևորՔաղաքական

Արաքսի վրա ՀԷԿ- ի կառուցման հարցը կրկին խորհրդարանում

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանական երրորդ օրը պատգամավորներն, ավանդույթի համաձայն, սկսել են նախորդ օրը  քննարկված և կրթության ոլորտին վերաբերող օրենսդրական երկու փաթեթների քվեարկությամբ:
Իսկ օրենսդրական  աշխատանքը խորհրդարանը սկսել է միջազգային պայմանագրերի  քննարկումից: Դրանցից մեկով կառավարությունն Ազգային ժողովին  առաջարկում է վավերացնել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների  միջև կնքված համաձայանգրում փոփոխություններ առաջարկող  արձանագրությունը: Այն վերաբերում է Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու պայմաններին:

Հիմնական համաձայանագիրը, որը ստորագրվել է դեռևս 2007-ին և վավերացվել է երկու երկրների խորհրդարանների կողմից, ամրագրում է Արաքս գետի վրա հիդրոէլեկտարկայաններ կառուցելու և շահագործելու հարցում Հայաստանի Հնարապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցության հիմնական սկզբունքները:
Այդ համաձայնագրում փոփոխություններ առաջարկող արձանագրությունը սահմանում է կողմերի կոնկրետ պարտավորություններն ու  ծրագրի իրականացման մանրամասները:

Համաձայնագրով 2 հիդրոէլեկտրակայանի կառուցում է նախատեսվում. մեկը   ՀՀ տարածքում՝ Մեղրիում, մյուսը ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՝  Ղարաչիլարում, յուրաքանչյուրի հզորությունը ՝ մոտ 130 մեգավատտ, էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը ՝  800 մլն կիլովատտ/ժամ:
Այդ նպատակով՝ հայ-իրանական սահմանի երկայնքով Ծիրանի ձոր կոչվող տեղամասից կկառուցվի շուրջ 18 կմ երկարությամբ և 8,5 մ տրամագծով ճնշումային թունել:  Կողմերն արդեն համաձայնության են եկել ֆինանսավորման սխեմայի վերաբերյալ:
«Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել իրանական ներդրող ընկերությանը երկարաժամկետ փափուկ վարկ տրամադրելու միջոցով ֆինանսավորել Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը, իսկ ներդրումների վերադարձի ժամանակահատվածում ներդրող ընկերությունից գնել  ՀԷԿ-ի արտադրած ամբողջ էլեկտրաէներգիան: Դրանից հետո հիդրոէլեկտրակայանը անհատույց կփոխանցվի հայկական կողմին»,- ասաց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը։

Ներդրող  ընկերությունն ինքնուրույն է լուծելու Մեղրի ՀԷԿ-ի նախագծման, կառուցման ու շահագործման  հարցերը:  Համաձայնագրում  նշվում է, որ կառուցման աշխատանքներում պետք է ներգրավվի տեղական աշխատուժը, իսկ նախագծի փորձաքննությունը, շինարարությունն ու շահագործումը պետք է իրականացվեն Հայաստանում ընդունված նորմերին ու կանոնակարգերին համապատասխան:

Շինարարության համար նախատեսովում է  5 տարի, ներդրումների վերադարձի համար ՝ մոտ 15 տարի, նախագծի ընդհանուր արժեքը, ըստ փոխնախարարի, 300-ից 350 մլն դոլար է:
Պատգամավորներին հետաքրքրում էին էլեկտրաէներգիայի վաճառքին, բնապահպանական խնդիրներին և ընդհանրապես Հայաստանի շահերին վերաբերող հարցերը:

«Համաձայնագրով սահմանված է, որ հայկական կողմն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործել այդ էլեկտրաէներգիան: Մեր կանխատեսումներով, սակայն, առաջիկա տարիներին նման անհրաժեշտություն չենք ունենա: Ինչ վերաբերում է սակագնին, ապա  15 տարի հետո կլինի մեր համակարգում նվազագույնը»:

Ի դեպ՝ էներգետիկայի ոլորտին վերաբերող մի օրենսդրական փաթեթ էլ այսօր քննարկվեց խորհրդարանում: Հիմնական զեկուցողը կառավարության «Օրենսդրության կարգավորման կենտրոն» ԾԻԳ ղեկավարի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանն էր: Սա պետական կառավարման համակարգում նոր կառույց է և հայտնի է «Օրենսդրական գիլյոտին» անվանումով։ Նպատակն է «մոտավորապես 50 տոկոսով կրճատել բիզնեսի և բնակչության ծախսերը պետության հետ շփվելու գործընթացներում»:

Սա առաջին փաթեթն էր, որ խորհրդարանին ներկայացնում է կառույցը: Այն    վերաբերում է էներգետիկայի ոլորտին: Փոփոխություններով  առաջարկվում է կրճատել այս ոլորտի լիցենզիաների թվը և դրանք 19-ից դարձնել 11։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button