Քաղաքական

Ասոցացման կարգավիճակին կհետեւի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր օրակարգի հաստատումը

ԵՄ խորհրդատվական խմբի անդամներն այսօր Հայաստանի վարչապետին են ներկայացրել Հայաստան-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, ինչպես նաև ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող երկկողմ գործողությունների ընթացքն ու արդյունքները:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան ընդգծել է այդ ուղղությամբ տարվող արդյունավետ աշխատանքն ու մեծ առաջընթացը և նշել, որ ներկայում Բրյուսելում ընթանում է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների 4-րդ փուլը:

Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը կունենա ասոցացված երկրի կարգավիճակ, ինչը, դեսպան Հրիստեայի համոզմամբ, նոր հնարավորոթյուններ կբացի մեր երկրի առջև, որին կհետևի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր օրակարգի հաստատումը:

Կողմերը քննարկել են նաև արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, սննդի անվտանգության, մաքսային բնագավառներում և այլ ուղղություններով իրականացվող համատեղ միջոցառումներն ու բարեփոխումները:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, որը մեզ համար խիստ անհրաժեշտ է: Եթե այս կամ այն ոլորտում տեսնում եք, որ մեր բարեփոխումները դանդաղում են և կան խոչընդոտներ, ապա անհապաղ դիմեք անձամբ ինձ, որպեսզի մենք հնարավորությունները բաց չթողնենք օգտվելու ձեր խորհրդատվությունից՝ ճիշտ ժամանակին մեր բարեփոխումներն իրականացնելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Տրայան Հրիստեան ևս մեկ անգամ նշել է, որ ԵՄ-ն հետագայում ևս պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել մեր երկրին՝ տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումների գործընթացում:

Թողնել պատասխան

Back to top button