ԿարևորՎերլուծական

Սահակաշվիլին մեղադրում է Վրաստանի նոր կառավարությանը արտաքին քաղաքական ուղին «հայկականացնելու» մեջ

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Թբիլիսի

Այսօր Վրաստանում քննարկման թեմա է դարձել երկրի արտաքին քաղաքական ուղեգծի հնարավոր փոփոխման հարցը: Նոր կառավարությունը` Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, առաջին իսկ օրից հայտարարում է Ռուսատանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, թեև չի էլ հրաժարվում արևմտամետ ուղեգծից: Սակայն նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ու նրա կողմնակիցները նոր կառավարությանը մեղադրում են ՆԱՏՕ-ից ու Եվրոպայից արտաքին քաղաքական ուղին հեռացնելու, ինչպես նաև այն «հայկականացնելու» մեջ:

Օրերս Միխեիլ Սահակաշվիլին հանդես եկավ Վրաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը Սահմանադրության մեջ ամրագրելու մասին առաջարկով: «Ինչով է պայմանավորված, որ փոփոխությունները օրակարգում են հայտվում այժմ: Վրաստանում իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը մի շարք նշանակալից հայտարարություններ է արել: Դրանցից առավել կարևորը վերաբերում էր Վրաստանի արտաքին քաղաքականության հայկականացմանը և Թբիլիսիի` ՆԱՏՕ-ից ու Ռուսաստանից հավասար հեռավորություններ պապհպանելուն: Նախկինում դա Վրաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը չի եղել», -ասել է Սահակաշվիլին:

Նշեմ, որ Սահաշվիլին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեղադրեց երկրի արտաքին քաղաքական ուղեգծի «հայկականացման» մեջ Իվանիշվիլիի երևանյան հայտարարությունից հետո: Իսկ Իվանիշվիլին Հայաստանում հայտարարել էր, որ «բարի նախանձով» է հետևում, թե ինչպես է Հայաստանը միաժամանակ լավ հարաբերություներ պահում Ռոսւաստանի և ՆԱՏՕ-ի հետ, հավելելով որ Հայաստանն այդ հարցում կարող է օրինակ ծառայել Վրաստանին:

«Հայաստանի ու Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները տարբեր են, հնարավոր է Հայաստանում շատ ճիշտ են կառուցել այդ առաջնահերթությունները, սակայն այդ հարցում օրինակ վերցնել Հայաստանից, դա կնշանակի կտրուկ փոխել արտաքին քաղաքական ուղեգիծը»,-ասում է քաղաքական վերլուծաբան Գիա Նոդիան, նման կարգի հայտարարությունը համարելով կամ խոստովանություն, որի մասին մինչ այդ վարչապետը չէր ասում և հիմա միայն բարձրաձայնեց, կամ էլ սա անփորձության արդյունք է: Վերլուծաբանը անփորձության արդյունք է համարում նաև Իվանիշվիլիի կողմից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին հայտարարությունը, որով նա կասկածի տակ էր առել Հայաստանը շրջանցող այդ երկաթուղու կառուցման նպատակահարմարությունը:

Ըստ Նոդիայի, իրականում, թե ինչ է ուզում Իվանիշվիլին, այս հարցին դեռ դժվար է պատասխանել. «Այսօր կարելի է ասել, որ նա թույլ պատկերացումներ ունի` ինչ է ՆԱՏՕ-ն կամ Եվրամիությունը, ինչպես են նրանք աշխատում, ինչպիսի արժեհամակարգ կա Արևմուտքում և այլն»:

Թողնել պատասխան

Back to top button