ԿարևորՔաղաքական

Պարույր Հայրիկյանի որոշումը ԱԺ խմբակցություններն ընդհանուր առմամբ ողջամիտ են համարում

Լուսիեն Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովի խմբակցություններն ընդհանուր առմամբ ողջամիտ են համարում Պարույր Հայրիկյանի՝ նախագահական ընտրությունները հետաձգելու հարցով Սահմանադրական դատարան չդիմելու որոշումը: ՀՀԿ, ՕԵԿ և ԲՀԿ ներկայացուցիչների կարծիքով՝ ԱԻՄ նախագահը միանշանակ ճիշտ է վարվել, արտակոալիցիոն ուժերի մեկնաբանություններիը փոքր-ինչ ավելի զուսպ են:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ողջունում է Պարույր Հայրիկյանի՝ Սահմանադրական դատարան չդիմելու և ընտրությունները 2 շաբաթով չհետաձգելու որոշումը, առողջություն ու ապաքինում է մաղթում նախագահի թեկնածուին:«Բայց դրանից առավել ցանկանում ու հորդորում եմ, որ իշխանությունները շուտափույթ բացահայտեն այդ հանցագործությունը: Կարծում եմ՝ կարող են»:

Դաշնակցությունը առաջիկա ընտրությունների նկատմամբ իր դիրքորոշման մասին ավելի վաղ էր հայտարարել` որոշելով սեփական թեկնածու չառաջադրել: Այս տրամաբանության մեջ, ըստ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, ընտրությունները հետաձգելու կամ չհետաձգելու հարցը Դաշնակցության համար որևէ նշանակություն չուներ: «Այս ընտրությունների բնութագիրը մենք տվել ենք, և հետաձգվի՞, թե ոչ, դրանից որևէ բան չի փոխվելու»:

Սա լուրջ, իսկ եթե հումորով, ապա Աղվան Վարդանյանը կարծում է, որ Սահմանդարության մեջ «անհաղթահարելի խոչընդոտ» ձևակերպմանը պետք է ավելանա նաև «անսպասելի խթան» հասկացությունը, «որովհետև հնարավոր են դեպքեր, երբ քարոզարշավի ընթացքում ոչ միայն խոչընդոտներ, այլ նաև խթաններ առաջանան»:
Աղվան Վարդանյանը չի կարծում, թե տեղի ունեցածը խոչընդոտ չհամարելու և ընտրությունները չհետաձգելու Հայրիկյանի որոշումը որևէ ազդեցություն կունենա ընտրությունների վարկանիշի վրա: Հանրապետական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն, ըսդհակառակը, կարծում է, որ որոշումը դրական ազդեցություն կունենա: Հայրիկյանն, ըստ նրա, ողջամիտ որոշում է կայացրել:

«Իմ կարծիքով առաջնորդվել է շատ բնական ու բանական տրամաբանությամբ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այս օրերին համոզվեց, որ Հայրիկյանն այդ օրերին օգտվել է իր քարոզչական հնարավորություններից, քարոզվել է և ցերեկը, և գիշերը: Այս առումով Հայրիկյանը տրամաբանական որոշում է կայացրել»:

Սամվել Նիկոյանը չի կարծում նաև, թե նախագահի թեկնածուի նկատմամբ զինված հարձակման փաստը Սահմանադրական դատարանի քննության առարկա չդարձնելը որևէ կերպ կստվերի ընտրությունների լեգիտիմությունը: «Պատկերացրեք, եթե յուրաքանչյուր նման միջադեպ մենք դարձնենք խոչընդոտ ու ֆորսմաժորային իրավիճակ, ապա միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք կօգտվեն այդ հնարավորությունից»:

ԲՀԿ-ն նույնպես հակված է կարծել, որ ընտրությունների հետաձգումը կնշանակեր անցանկալի նախադեպի հիմք դնել ընտրական գործընթացում և կազդեր ընտրությունների վարկանիշի վրա: Կուսկացությունից Ստեփան Մարգարյանի կարծիքն է: «Նախընտրական շրջանում Հայրիկյանի հետ տեղի ունեցածը հարված էր մեր պետության իմիջին, հետաձգումը կնշանակեր ավելի խորացնել այդ միտումը»: Ամենահակիրճը ՀԱԿ-ի մեկնաբանությունն է՝ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի փոխանցմամբ:

«Կարծում եմ, որ հասարակական կարծիքը կտա այդ որոշման լավագույն գնահատականը: Այլ մեկնաբանություն մենք չունենք»:

Եվ վերջապես խորհրդարանի օրենսդրական աշխատանքից երկու դրվագ: Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ, ձայների 107 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին»  օրինագիծը: Այն ՕԵԿ պատգամավորների և կառավարության համատեղ նախաձեռնությունն է: Օրինագծի պատմությունը սկսվում է նախորդ գումարման խորհրդարանից: Պատգամավորները մտավախություն ունեն, որ օրինագիծը ավելի շատ հռչակագրային, քան իրական մեխանիզմներ է առաջարկում կանանց և տղամադկանց հավասարությունը ապահովելու համար, բայց և համոզված են, որ նման իրավական ակտ ուենալն անհրաժեշտություն է:

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց մի օրինագիծ, որով նախատեսվում է զինված ուժերը համալրել նոր մասնագետներով ՝ սպայի կոչում ունեցող հոգեբաններով: Կառավարության ներկայացուցչի հիմնավորմամբ՝ նոր ինստիտուտի ներդրման համար ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը, բայց առաջին հերթին` մեր իրականությունը: Ըստ նախագծի ՝ յուրաքանչյուր գունդ պետք է  սպա-հոգեբան ունենան: Ըստ սահմանման՝ սպա-հոգեբանը պատասխանատու է գնդում հոգեբանական աշխատանքի կազմակերպման, անձնակազմի հոգեբանական վիճակի, զինծառայողների հոգեկան կայունության պահպանմանն ուղղված աշխատանքների համար:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button