ԿարևորՔաղաքական

Պարույր Հայրիկյանը չի դիմի ՍԴ. Լևոն Բաղդասարյան

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները հետաձգելու խնդրանքով ՍԴ չի դիմի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են ԱԻՄ առաջնորդի ներկայացուցիչները: ԱԻՄ նախընտրական շտաբի արտաքին հարցերի պատասխանատու Կարո Եղնուկյանը հստակեցրել է, որ իրենք ամբողջովին բացառելու են նոր ընտրությունների անցկացումը:

Լրագրողների հետ հանդիպումից մի քանի րոպե անց նրանց է միացել նաև ինքը՝ Պարույր Հայրիկյանը, ում ծափերով են դիմավորել: Հայրիկյանն ասել է՝ «Ես եկա՝ ցույց տալու, որ ներկա եմ, ներկա եմ ոչ միայն քաղաքական դաշտում, այլ՝ ֆիզիկապես: Թող ամեն հայ իմանա, որ որևէ ահաբեկչություն հայ քաղաքական կյանքն իր բնականոն ուղուց չպետք է շեղի և ամեն մեկս անելիք ունենք»:

Այս օրերին հանրությանը հետաքրքող ամենակարևոր հարցերից մեկի պատասխանն ի վերջո տրվեց: Հունվարի 31-ի գիշերը մահափորձի ենթակրված ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ՍԴ չի դիմի, ուստի և նախագահական ընտրությունները չեն հետաձգվի: Սա ի դեպ, միայն Հայրիկյանի մասով: Մեծ հնչեղություն ստացած հայտարությունն այսօր հնչեցրեց Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը.«Պարույր Հայրիկյանի նկատմամբ թեպետ առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ, սակայն, նա չի օգտվի օրենքով իրեն ընձեռած հնարավորությունից՝ նախագահական ընտրությունները հետաձգելու համար»:

Հիշեցնենք, որ մայր օրենքի՝ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն, «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը: ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանն այսօր մեկ անգամ ևս հստակեցրեց. «մենք ամբողջովին բացառել ենք նոր ընտրությունների հանգամանքը, պատճառաբանությունը հետևյալն է՝ մեզ ամենևին պարզ էր, որ կազմակերպիչների նպատակը Պարույր Հայրիկյանին վերացնելն էր, որի հետևանքը, բնականաբար, պետք է լիներ նոր ընտրությունների գործընթացը»:

Ավելի ուշ ոստիկանների ուղեկցությամբ հանդիպմանը միացավ նաև Պարույր Հայրիկյանը, «Ես եկա՝ ցույց տալու, որ ներկա եմ, ներկա եմ ոչ միայն քաղաքական դաշտում, այլ՝ ֆիզիկապես: Թող ամեն հայ իմանա, որ որևէ ահաբեկչություն հայ քաղաքական կյանքն իր բնականոն ուղուց չպետք է շեղի և ամեն մեկս անելիք ունենք» — ասաց ԱԻՄ առաջնորդը՝ հույս հայտնելով, որ Հայրիկայնի ձևակերպմամբ ահաբեկիչը շուտով կբացահայտվի: Թեկնածուների մի մասը պնդում է, որ Հայրիկյանը գործարքի մեջ է իշխանությունների հետ. «Ես բոլոր այդ թեկնածուներին ասում եմ՝ թող վերցնեն իրենց տարիքը, նայեն այդ տարիքում Հայրիկյանն ինչով է զբաղված եղել, չեմ ասում, թող վերցնեն որևէ թվական, թող վերցնի քսան տարեկան ինքը, քսան տարեկան Հայրիկյանը, երեսուն ինքը, երեսուն Հայրիկյանը, հետո նոր հիմարություններ դուրս տան»:

Հայրիկյանն ընդգծեց՝ ինչպես որ հայերի մեջ կան տարբեր արժեքային համակարգ ունեցողներ, այնպես էլ ռուսների: «Հայ քաղաքական գործիչները, եթե իրենց ամբիցիաները թողնեն ու որևէ մեկի հետ դաշիքն կազմեն, մենք կկարողանանք մեկ-երկու տարվա ընթացքում Հայաստանը դարձնել աշխարհի ամենաօրինավոր երկիրը»,- ասաց ԱԻՄ առաջնորդն ու եզրափակեց հանդիպումը լրագրողների հետ: Իսկ հարցին, թե երբվանից է Պարույր Հայրիկյանը պատրաստվում վերսկսել ընդհատված քարոզարշավը, պատասխանեց .«Ես արդեն գործի մեջ եմ»:

Հունվարի 31-ին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը իրավապահ մարմինների աշխատանքը գնահատեց մեկ խոսքով.«Դրական, բայց այնքանով, որքանով գործառույթ իրականացվում մենք մեր վերջնական դիրքորոշումը, կարծիքը կհայտնենք»:

Իրավապահ մարմինների աշխատանքից գոհ էր նաև Կարո Եղնուկյանը: Նա նշեց, որ շաբաթ օրը ոստիկանները Պարույր Հայրիկյանին ուղեկցել են դեպի վերջինիս առանձնատուն Հավելենք, որ քանի դեռ չեն բացահայտվել մահափորձի հեղինակն ու իրականացողը, Պարույր Հայրիկյանի անվտանգությունը կշարունակեն ապահովել համապատասխան անձինք:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button