ԿարևորՀասարակություն

Կիլիկյան վարժարանը կգործի այնքան, որքան դրա կարիքը կզգացվի

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այսօր այցելեց Երևանի Կիլիկյան վարժարան, որտեղ սիրիական ուսումնական ծրագրով սովորում է 307 սիրիահայ աշակերտ:  Վարժարանը գործում է Նար-Դոսի անվան թիվ 14 ընդհանուր դպրոցում։ Սփյուռքի նախարարին հյուրընկալեցին 6-րդ դասարանցիները: Նրանք պատմեցին իրենց ուսումնական հաջողությունների մասին:

Հրանուշ Հակոբյանը կարևորեց ուսման մեջ առաջադիմության ցուցաբերումը աշակերտների կողմից: Նախարարը հետաքրքրվեց նաև, թե ինչպես են երեխաները իրենց զգում Հայաստանում: Ինչպես պարզվեց, նախարարը վարժարան էր այցելել  ՀՀ նախագահի հանձնարարականով:

Ամանորյա օրերին նախագահական նստավայրում երեխաների համար կազմակերպված ընդունելության ժամանակ վարժարանի 6-րդ դասարանցի Գարի Պապօղլյանը երկրի ղեկավարին նվիրել էր իր գծած նկարը: Հրանուշ Հակոբյանն այսօր փոքրիկ նկարչին հանձնեց հանրապետության նախագահի շնորհակալական նամակը:
Հրանուշ Հակոբյանը վարժարանի սաների համար հայտարարեց նկարների մրցույթ «Հայրենիքն իմ աչքերով» թեմայով, որի արդյունքները կամփոփվեն հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը:

Ինչպես պարզվեց, ոչ բոլոր սիրիահայ աշակերտներն են այցելում այս վարժարանը: Մի մասը նախընտրել է սովորել հանրապետության այլ դպրոցներում, ինչպես  սիրիահայ բարձրդասարանցիները, որոնց համար առանձին սիրիական ծրագրով ավագ դպրոց չկա։
Սիրիահայ ուսանողներն իրենց ուսումը հանրապետության բուհերում անցնում են անվճար, բացի Բժշկական համալսարանից, որտեղ ուսման վարձը զեղչվել է կիսով չափ: Իսկ ահա նրանց ծնողների համար կարևոր են մնում տան և աշխատանքի հարցերը:
Ըստ նախարարի՝ Հայաստանում գտնվող 6 հազար սիրիահայերի մեծ մասը վարձակալում է բնակարաններ, նրանցից մոտ 400-ը  արդեն աշխատանք ունի։
Վարժարանից մեկնելուց առաջ Հրանուշ Հակոբյանը լուսանկարվեց 6-րդ դասարանցիների և նրանց ուսուցիչների հետ: Ըստ նրա՝ Կիլիկյան վարժարանը կգործի Երևանում այնքան ժամանակ, ինչքան կզգացվի դրա կարիքը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button