Տնտեսական

Առավել հստակ քարտեզներ եւ առավել ճշգրիտ նավիգացիոն համակարգ

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն եւ Նորվեգիայի քարտեզագրության եւ կադաստրի գերատեսչությունն այսօր ստորագրել են նոր դրամաշնորհային պայմանագիր: Ըստ այդմ` Հայաստանին տրամադրվելիք 1.7 մլն դոլարի շրջանակներում առաջիկա 2.5 տարվա ընթացքում մեր երկրում պետք է կյանքի կոչվի «Հողային ռեսուրսների կայուն կառավարման ծրագիր»-ը: Դրա իրականացումը ենթադրում է առավել հստակ քարտեզներ եւ առավել ճշգրիտ նավիգացիոն համակարգ:

Քարտեզագրության եւ կադաստրային աշխատանքների առումով Հայաստանն էականորեն զիջում է դիրքերն այլ երկրներին: Մեզ մոտ հստակ չեն տեղագրական եւ թեմատիկ քարտեզները, ճշգրիտ չի նավիգացիոն համակարգը: Դրա բացակայությունը խանգարում է ճանապարհաշինական աշխատանքներին, սեյսմիկ դիտարկումներին եւ ռազմատեղագրական քարտեզագրությանը: Իսկ նավիգացիոն անկատար համակարգով դժվարանում է վարորդների կողմնորոշումը հանրապետության տարածքում: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանն անձամբ է խոստովանում այս խնդիրները եւ միաժամանակ ընդգծում իր սպասելիքները` առաջիկա 2.5 տարում դրանք կլուծվեն: Նորվեգիայի Թագավորությունը կաջակցի եւ ֆինանսավորմամբ` տրամադրելով շուրջ 1.7 մլն դոլարի դրամաշնորհ, եւ խորհուրդներով ու փորձով: Որպես համեմատություն` Երվանդ Զախարյանը նկատում է, որ Նորվեգիայում քարտեզներն արդեն եռաչափ են, իսկ մեզ մոտ դրանք դեռ ճշգրտման կարիք ունեն: Դրամաշնորհային ծրագրից ակնկալիքների մասին` կադաստրի պետական կոմիտե նախագահ Երվանդ Զախարյանի փոխանցմամբ:

Ծրագրի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրարից առավելագույնը 70 կմ հեռավորության վրա կտեղակայվեն 12 ռեֆերենց կայաններ, ինչը թույլ կտա ճշգրիտ որոշել ցանկացած հողակտորի, ցանկացած գույքի տեղադիրքը Հայաստանի տարածքում: Բոլոր այդ կայանները կղեկավարվեն Երեւանում տեղակայվելիք վերահսկիչ-հաշվարկային կենտրոնից: Կայանների ստացած տեղեկատվությունը պետք է փոխանցվի եւ համադրելի լինի բոլոր արբանյակային կայաններին` GPS, GLONASS: Ռեֆերենց կայաններից հաշվարկային կենտրոն տվյալների փոխանցման առավելագույն ուշացումը չպետք է գերազանցի 300 միլիվայրկյանը: Ստեղծվելիք համակարգից կարող են օգտվել ոչ միայն պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, այլեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք: Երվանդ Զախարյանը տեղին է համարում խոսել նաեւ արդեն իրականացված ծրագրերի արդյունքներից:

Թողնել պատասխան

Back to top button