ԿարևորՔաղաքական

Ղարաբաղցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ քաղաքական կարգավիճակով պետք է ապրեն ապագայում. Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ «Коммерсантъ»-ին

Հայաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը, և համաձայն The Gallup Organization-ի հարցման արդյունքների՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 66%-ը։ Ի՞նչ պետք է սպասի Ռուսաստանն ու ողջ աշխարհը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից։ Վերջինս այդ մասին խոսել է «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ ղարաբաղցիներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը։ «Ղարաբաղցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ քաղաքական կարգավիճակով պետք է ապրեն ապագայում։ Սա ինքնորոշման համար պայքարի դասական օրինակ է, և չկա որևէ փաստարկ, որը կհստակեցնի, թե ինչու Արցախի ժողովուրդը չպետք է ունենա այդ իրավունքը։ Մնացած բոլոր հարցերն ածանցյալներ են»,-ասել է նախագահը։ Նա նշել է, որ կարևոր է ամրապնդել միջազգային մեխանիզմները՝ մեր տարածաշրջանում սպառազինության վերահսկողություն սահմանելու համար։

«Մենք շարունակում ենք բանակցել Ադրբեջանի հետ։ Սակայն այսպիսի պայմաններում որևէ առաջընթաց ակնկալելն իրատեսական չէ։ Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են այս խնդրով՝ թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը, թե՛ Փարիզը, լավ գիտեն, թե ում մեղքով մինչև հիմա լուծում չի գտնվել»,-ասել է Սերժ Սարգսյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչ կարող է անել Ռուսաստանը ԼՂ-ի հարցի լուծման համար, Սերժ Սարգսյանը նշել է, որ Ռուսաստանը կարևորագույն միջնորդ է այս հակամարտության մեջ՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ համատեղ, և միայն Ռուսաստանի շնորհիվ է հնարավոր եղել կնքել 1994թ.-ի հրադադարը։ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ իրենք լուրջ հույսեր են կապել Ռուսաստանի բարձրագույն մակարդակով կազմակերպված միջնորդության հետ, սակայն Ադրբեջանը վերջին պահին փորձել է փոփոխություններ մտցնել արդեն հաստատված փաստաթղթում։ «Ես շնորհակալ եմ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը՝ հակամարտության լուծման ուղիների որոնման ճանապարհին ցուցաբերած հետևողականության համար։ Համոզված եմ, որ նրա մասնակցությունը բանակցություններին էապես սառեցնում է բազմաթիվ տաք գլուխների»,-ասել է Հայաստանի նախագահը։

Թողնել պատասխան

Back to top button