ԿարևորՔաղաքական

Գարնանային նստաշրջանի ոչ սովորական մեկնարկը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր սկսել է գարնանային նստաշրջանի աշխատանքը: Նախընտրական քարոզարշավը խորհրդարանին չի խանգարել բնականոն ընթացքով շարունակել դեկտեմբերին ընդհատված աշխատանքը: Նիստը մեկնարկել է 110 պատգամավորի ներկայությամբ:

Ամենաշատ բացակայած պատգամավորները՝ խորհրդարանում

Նստաշրջանի առաջին քառօրյայի մեկնարկը նշանավորվեց ամենաշատ բացակայած պատգամավորների ներկայությամբ: Տևական ընդմիջումից հետո խորհրդարան էր եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով Ազգային ժողովում վերջին անգամ եղել էր ամռանը:

Այսօր ԲՀԿ առաջնորդը խորհրդարանում մնաց հազիվ կես ժամ: Լրագրողները նրա հետ զրուցելու հնարավորություն չունեցան և ԲՀԿ  խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքվեցին, թե ինչու այդքան կարճ տևեց խմբակցության ղեկավարի  այցը խորհրդարան երկար բացակայությունից հետո:

«Մարդը եկել է Ազգային ժողով։ Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել : Նրա նախորդ բացակայությունները եղել են հարգելի և պայմանավորված են եղել շատ կարևոր հանդիպումներով: Այսօր ևս Գագիկ Ծառուկյանը ծրագրված շատ կարևոր հանդիպում ուներ, և այստեղ ոչ մի արտառոց բան չկա: Պարբերաբար պարոն Ծառուկյանը  կլինի խորհրդարանում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Երկարատև բացակայությունից հետո խորհրդարան էր եկել նաև ՀԱԿ խմբակցության անդամ, ՀԺԿ կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Նրա բացակայությունը պայմանավորված էր առողջական խնդիրներով:

«Լավ եմ զգում, վիրահատությունը հաջող անցավ, արդեն ապաքինվել եմ, անցնում եմ աշխատանքի»,- ասաց նա։

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող քաղաքական ուժերի տարաձայնություններին՝  Ստեփան Դեմիրճյանն ասաց , որ դրանք ՀԺԿ-ին չեն վերաբերում: Կուսկացությունը, համենայն դեպս, ըստ նրա,  ՀԱԿ-ը լքելու  մտադրություն չունի:

 

«Ժառանգության» թիվը ԱԺ- ում նվազեց

Քառօրյայի մեկնարկին ևս մի քաղաքական հայտարարություն հնչեց, որի արդյունքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների թիվը նվազեց, իսկ անկախ պատգամավորների թիվն ավելացավ մեկով:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելկյանը հայտարարեց, որ պաշտոնապես լքում է «Ժառանգություն» խմբակցությունը: Լրագրողների հետ զրույցում նա որոշումը պայմանավորեց դեռևս 2012-ի հոկտեմբերի 22-ին իր և նույն կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի  այն հայտարարությամբ, որ իրենք ֆորմալ առումով մնալով «Ժառանգություն» խմբակցության անդամ` այսուհետ կներկայացնեն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը։
«Այս հայտարարությունն ընդամենը օրինական ուժ է տալիս մեր նախորդ՝ հոկտեմբերի 22-ին հնչեցրած հայտարարությանը:   Այժմ ես զերծ կմնամ մեկնաբանություններից, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի մեջ է, նրան միայն հաջողություն կմաղթեմ»։

Բողոքի ակցիա ԱԺ շենքի մոտ

ԱԺ շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ատամնաբույժները: Նրանք դժգոհում  են տարեվերջին  հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններից և օրենսդիր մարմնից պահանջում են վերանայել օրենքը: Ըստ ատամնաբույժների ՝ «Արտոնագրային վճարների մասին» օերնքում կատարված փոփոխություններն ընդունվել են առանց քննարկումների  և մոտ 5 անգամ ավելացրել են  վճարվելիք հարկերը:
«Նախկինում մենք հարկվում էինք շահութահարկով, հիմա՝ ըստ բազկաթոռի: Յուրաքանչյուր բազկաթոռի համար պետք է վճարենք 80 հազար դրամ: Մենք ուզում ենք, որ մեզ վերադարձնեն առողջապահության ոլորտ և հարկվենք այնպես, ինչպես առողջապահական մյուս կազմակերպությունները: Մեզ, փաստորեն, առանձնացրել են առողջապահությունից և հավասարեցրել  գիշերային ակումբներին, կազինոներին, վարսավիրանոցներին»,- ասում էին նրանք։

Խորհրդարանում մտադիր են նորից անդրադառնալ դեկտեմբերին ընդունված օրենքին։ Թե ատամնաբույժների մտահոգությունների որ մասը հնարավոր կլինի փարատել, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դժվարացավ պատասխանել, բայց նշեց, որ փոփոխությունների նախագիծ արդեն կա և այն համաձայնեցվելու է մասնագիտական ատամնաբուժական ծառայություններ իրականացնողների հետ։

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button