ԿարևորՀասարակություն

Վիկտորիա Նուլանդն արձագանքել է Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին

Միացյալ Նահանգների պետքարտուղարութան պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդն արձագանքել է հունվարի 31-ին ՀՀ նախագահական ընտրությունների թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին: Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսին է ձեր տեսակետը միջադեպի վերաբերյալ և ինչ  դիտարկումներ կանեք փետրվարի 18-ին Հայաստանում նախանշված նախագահական ընտրությունների անվտանգության առումով, Նուլանդն ասել է.«Բնականաբար, դատապարտում ենք այդ բռնությունը: Տեղյակ ենք, որ հարձակումից հետո Պարույր Հայրիկյանի վիճակն այժմ կայուն է, և որ Հայաստանի ոստիկանությունը խոստացել է միջադեպի ամբողջական հետաքննություն իրականացնել: Ծանոթ ենք նաև այն հաղորդումներին, որ համաձայն սահմանադրությամբ նախատեսված դրույթների, հնարավոր է, փետրվար 18-ին նախատեսված ընտրությունները հետաձգվեն: Կոչ ենք անում հայերին կազմակերպել գործընթացը սահմնադրության համաձայն, որպեսզի երաշխավորվի ինչպես ընտրությունների ազատ ու անկախ ընթացքը, այնպես էլ պաշտպանի բոլոր թեկնածուների իրավունքները», — ասել է Նուլանդը:

Հիշեցնենք, հունվարի 31-ին, ժամը 23.30-ի Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Պ. Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ: Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Թողնել պատասխան

Back to top button