ԿարևորՀասարակություն

ՀՀ գլխավոր դատախազություն. Հայրիկյանի գործով մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Հայրիկյանի դեմ կատարած մահափորձի քրեական գործով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաև՝ դատաձգաբանական, դատամանրաթելային և դատաքիմիական համալիր փորձաքննություններ: «ՀՀ Պարույր Հայրիկյանին ապօրիանաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ 2013թ. փետրվարի 1-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը:

Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազը գրավոր ցուցում է տվել ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության փորձառու քննիչներին համատեղ քննչական խումբ կազմելու վերաբերյալ` նկատի ունենալով, որ քրեական գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացնում և անհրաժեշտ է կատարել անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ, որոնք օրենքով սահմանված ժամկետում բազմակողմանի և լրիվ ծավալով արդյունավետ կիրականացվի քննչական խմբի միջոցով:
Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը: Մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրը քննչական խմբի կողմից ստուգվում է։

Քրեական գործով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաև՝ դատաձգաբանական, դատամանրաթելային և դատաքիմիական համալիր փորձաքննություններ։ Փորձաքննության է ներկայացվել դեպքի վայրից առգրավված 7,62 մմ տրամաչափի 1 գնդակը, ինչպես նաև՝ վիրահատության ընթացքում Պարույր Հայրիկյանի մարմնից հանված միևնույն տրամաչափի ևս 1 գնդակ։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ»,-նշում են դատախազությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն երեկ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և զրուցել ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։ Գլխավոր դատախազը զրուցել է նախ գլխավոր բժշկի հետ և հետաքրքրվել Պ.Հայրիկյանի առողջական վիճակով, նրան պատճառված վնասվածքի բնույթով, ապա՝ Պ.Հայրիկյանի հետ, որի ժամանակ վերջինս գլխավոր դատախազին նկարագրել է նաև դեպքի մանրամասները։
Գլխավոր դատախազի հետ Հայրիկյանին տեսակցության էր այցելել նաև Հատուկ քննչական ծառայության պետը:

Թողնել պատասխան

Back to top button